Մատչելիության հղումներ

Նաթանյահուն ցավակցել է Պուտինին՝ ռուսական օդանավի կործանման կապակցությամբ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Կրեմլում հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 16-ը հուլիսի, 2018 թ․
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Կրեմլում հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 16-ը հուլիսի, 2018 թ․

Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջև, որի ընթացքում Նաթանյահուն ցավակցություն է հայտնել ռուս զինծառայողների զոհվելու կապակցությամբ, ընդգծելով՝ ռուսական օդանավի կործանման համար պատասխանատու է Սիրիան: Նա ասել է նաև, որ իսրայելական կողմը պատրաստ է այդ ողբերգական միջադեպին առնչվող ողջ տեղեկատվությունը տրամադրել Մոսկվային: Նաթանյահուն նաև վերահաստատել է Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեպ պայքարելու՝ Իսրայելի վճռականությունը:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, Պուտինն, իր հերթին, Իսրայելի վարչապետին ասել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական հակաօդային պաշտպանության կրակի տակ է հայտնվել այն պատճառով, որ իսրայելական կողմը խախտել է վտանգավոր միջադեպերից խուսափելու մասին ռուս-իսրայելական պայմանավորվածությունները: Ավելին՝ Պուտինի խոսքով՝ իսրայելական կողմը ոտնձգություն է կատարել Սիրիայի ինքնիշխանության հանդեպ: Ռուսաստանի նախագահը Իսրայելին կոչ է արել այսուհետ ձեռնպահ մնալ նման վարքագծից:

Դիտորդները Մոսկվայից ավելի կոշտ պատասխան էին ակնկալում, սակայն, դեռ երեկ, մինչ Նաթանյահուի հետ հեռախոսազրույցը, Պուտինը կոչ էր արել այս միջադեպը չհամեմատել 2015 թվականի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-25 ինքնաթիռի խոցման հետ: Այս ամենն ավելի նման է ողբերգական պատահականությունների մի շղթայի, քանի որ իսրայելական կողմը ռուսական օդանավ չի խոցել, ասել էր Պուտինը:

Նախօրեին ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 15 մարդ, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG