Մատչելիության հղումներ

Վրաստանում մարիխուանայի արտադրության օրինականացմանն ուղղված քննարկումները սառեցվել են


Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում
Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում

Վրաստանի տարածքում մարիխուանայի արտադրության օրինականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնության շուրջ քննարկումները սառեցված են։ Այդ մասին «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հայտարարեցին այն բանից հետո, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա երկրորդը կիրակնօրյա պատարագի ընթացքում կոշտ քննդատության ենթարկեց Մամուկա Բախտաձեի կառավարության այս նախաձեռնությունը:

«Չի կարելի մոռանալ, որ մարիխուանայի արտադրության օրինականացումը խիստ վտանգավոր է: Վտանգավոր է, որովհետև այլ երկրների թմրամոլները կգան Վրաստան և կօգտվեն այստեղ հաստատված ազատության պտուղներից: Այդպիսով թմրամոլությունը Վրաստանում էլ ավելի կտարածվի: Այդ իսկ պատճառով ես դիմում եմ իշխանություններին և խնդրում այս հարցին փոքր ինչ ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել: Չի կարելի բացառապես տնտեսական գործոնները հաշվի առնել` ասելով, թե երկիրն այդ նախաձեռնության արդյունքում հավելյալ եկամուտ կունենա, տնտեսությունը կզարգանա: Ու՞մ է պետք այդ տնտեսությունը եթե մենք կորցնելու ենք մեր զավակներին», - հայտարարում էր համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոս Իլյա երկրորդը:

Կիրակնօրյա պատարագից հետո դրա մի քանի հազար մասնակիցները, հոգևորականների առաջնորդությամբ, երթ կազմակերպեցին` Հավլաբարում գտնվող Սուրբ Երրորդության մայր տաճարից շարժվելով դեպի Թբիլիսիի քաղաքապետարան:

Վրաստանի աշխարհիկ իշխանությունները բավական արագորեն արձագանքեցին եկեղեցու սպասավորների և նրանց բազմաթիվ հետևորդների արտահայտած այս դժգոհությանը:

Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մարիխուանայի արտադրության օրինականացման հարցում եկեղեցու տեսակետը անպայմանորեն հաշվի է առնվելու:

«Մենք շատ լայն ձևաչափի խորհրդակցություններ կանցկացնենք, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Մենք արդեն իսկ հանդիպել ենք պատրիարքարանի ներկայացուցիչների հետ, դրանք շարունակվելու են և հենց այդ հանդիպումների հիման վրա էլ մենք կկայացնենք վերջնական որոշումը: Որևէ հապշտապ որոշում չի կայացվելու», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի կառավարությունը մարիխուանայի արտադրությունն օրինականացնելու և հետագայում այն միջազգային շուկա արտահանելու առաջարկով հանդես եկավ անցած շաբաթ: Առաջարկի համաձայն, մարիխուանայի՝ բացառապես դեղագործական և օծանելիքի ստեղծման նպատակով արտադրությամբ կզբաղվեն հատուկ կառավարական արտոնագրի արժանացած ընկերությունները:

Վրացական ընդդիմության պնդմամբ, սակայն, մարիխուանայի խոշորածավալ արտադրության հարցում անձնական շահագրգռություն ունի նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Վրացական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Իվանիշվիլիին պատկանող ընկերություններից մեկը, օրենքի ընդունման դեպքում, մասնակցելու է մարիխուանայի արտադրության համար հայտարարվելիք կառավարական մրցույթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG