Մատչելիության հղումներ

«Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար». նախագահն այցելել է Ազգային արխիվ


«Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար», - այսօր Հայաստանի ազգային արխիվում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը ծանոթացել է արխիվի ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին: Նա շրջայցը սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետև փաստաթղթերի վերա­կանգն­ման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վի­րաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250 հազար էջ թղթե և 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաս­տաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ և եզակի փաստաթղթերը:

Նախագահը նշել է, որ երկրների համար արխիվը զուտ փաստաթղթերի շտեմարան չէ։

«Յուրաքանչյուր փաստաթղթի հետևում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաև մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, և եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք: Պատմությունը և արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձևով, այլ էապես: Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար», - ասել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG