Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցով հուշագիր են կնքել


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, Սոչի, 17 սեպտեմբերի, 2018թ.
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, Սոչի, 17 սեպտեմբերի, 2018թ.

Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինի:

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները, որոնց օրակարգում երկկողմ տնտեսական համագործակցության ընդկայնման և Սիրիայում իրավիճակի խնդիրներն էին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահների հանդիպումից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր:

Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում մինչև հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ​ապառազմականացման գոտի, որից պետք է դուրս բերվեն ծանր տեխնիկան, թնդանոթները և հրթիռային համազարկերի կայանքները:

Ռուսաստանը և Թուրքիան այդ գոտում համատեղ պարեկություն են իրականացնելու:

Միաժամանակ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարն ահաբեկչության դեմ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո ընդգծել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի իրականացվի:

«Առաջիկա ժամերին մենք սիրիացիների հետ կհամաձայնեցնենք բոլոր դրույթները, որոնք տեղ են գտել ռուս-թուրքական հուշագրում»,- ասել է Շոյգուն:

«Մեր համոզմամբ, այս քայլերի իրականացումը քաղաքական նոր լիցք կհաղորդի սիրիական հակամարտոության կարգավորմանը, թույլ կտա ակտիվացնել Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը և խաղաղություն հաստատել Սիրիայում»,- այսօր ասել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG