Մատչելիության հղումներ

Բեռնը Մոսկվայից պահանջում է «դադարեցնել լրտեսական ակտիվությունը»


Բեռն, արխիվ
Բեռն, արխիվ

Բեռնը Կրեմլից պաշտոնապես պահանջում է անհապաղ դադարեցնել ապօրինի լրտեսական ակտիվությունը Շվեյցարիայի տարածքում: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է երեկ՝ Շվեյցարիայի արտգործնախարարության կայքում: Պաշտոնական աղբյուրներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում, հայտարարության մեջ նշվում է միայն, որ Ռուսաստանի դեսպանն անցած մեկ տարում երեք անգամ արդեն հրավիրվել է նախարարություն՝ շվեյցարական կողմի բողոքը լսելու:

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները, գրել էին, որ շվեյցարական հետախուզական ծառայությունները, հոլանդացի և բրիտանացի գործընկերների հետ, դեռ այս տարվա գարնանը Հաագայում երկու ռուս լրտես են ձերբակալել: Ըստ այդ հաղորդագրությունների, վերջիններս փորձել են տեղեկություններ գողանալ Շպից քաղաքի գիտական լաբորատորիայից, որը վերջին ամիսներին զբաղվում էր Սկրիպալների գործով ու «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի ուսումնասիրությամբ: Շվեյցարիայի դատախազությունը հաստատել է ռուսների ձերբակալման մասին տեղեկությունը: Հաղորդվում է, որ վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ քաղաքական նպատակներով լրտեսություն իրականացնելու հոդվածով: Անուններ, սակայն, չեն նշվում:

Հետաքննող լրագրողները, մինչդեռ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, թե ձերբակալվածները Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության՝ ГРУ-ի գործակալներ են, որոնց մոտ հայտնաբերվել են գիտական լաբորատորիայի համակարգչային ցանցը կոտրելու համար նախատեսված սարքեր ու տեխնիկական միջոցներ: Ավելի վաղ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հաղորդել էին, որ այդ նույն կառույցի՝ ГРУ-ի գործակալներն են մարտին Սոլսբերիում «Նովիչոկով» թունավորել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Ընդ որում, նշվում է, որ շվեյցարական այդ լաբորատորիան ռուսների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այլ պատճառով. այստեղ են քննվում նաև Սիրիայից ստացված նյութերը, պարզելու՝ արդյո՞ք ռուսների աջակցությունը վայելող նախագահ Ասադը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ:

Նշվում է, որ ձերբակալվածների թիրախում է եղել նաև Շվեյացրիայում գործող հակադոպինգային համաշխարհային գործակալությունը, որը տարիներ առաջ հատուկ զեկույց էր հրապարակել Ռուսաստանի դեմ և պնդել, թե ռուս մարզիկների կողմից խթանիչների օգտագործումը վերահսկվում և հովանավորվում է պետական մակարդակով:

«Պաշտոնական Բեռնի տվյալներով, երկրի տարածքում աշխատող յուրաքանչյուր չորրորդ ռուս դիվանագետն իրականում հատուկ ծառայությունների աշխատակից է և զբաղվում է լրտեսությամբ»,- երեկ գրել էր շվեյցարական Sonntags Zeitung պարբերականը, մանրամասնելով՝ Շվեյցարիայում լուրջ ցանց է ձևավորվել, քանի որ այստեղ են տեղակայված բազմաթիվ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունը:

Այսօր էլ «Ֆայնենշլ Թայմսը» հաղորդեց, որ բանավոր զգուշացումներից բացի, Շվեյցարիայի իշխանությունները որոշել են նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել ու խստացնել ռուս դիվանագետների հավատարմագրման գործընթացը: Ռուսական կողմն առայժմ այս տեղեկությունը չի հաստատում, բայց և չի հերքում: «Մենք հրաժարվում ենք մեկնաբանություններից»,- ՌԴ դեսպանատնից ասել են «Ինտերֆաքսին»: Փոխարենը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարություն է տարածել, պնդելով, թե ռուս դիվանագետների հասցեին հնչող մեղադրանքներն անհեթեթ են:

«Ժնևում Ռուսաստանի ներկայացուցչությունում, իսկապես, աշխատակիցները քիչ չեն, ինչն ընդամենը վկայում է, որ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս ՄԱԿ-ի և կազմակերպության տարբեր կառույցների հետ համագործակցությանը»,- նշել է ռուս բարձրաստիճան դիվանագետն ու «քաղաքական պատվեր» որակել շվեյցարական թերթերի հրապարակումները, չնշելով, սակայն, թե ով է պատվիրատուն:

Ռուսական կողմը մինչ այժմ չի հաստատել նաև ռուս լրտեսների ձերբակալման լուրը: «Նման բան չգիտենք, տեղեկություն չունենք»,- նախօրեին «Ինտերֆաքսին» ասել են Շվեյցարիայում ՌԴ դեսպանատնից, հավելելով՝ այդ մասին հրապարակումները «հակառուսական քարոզչության հերթական ալիքն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG