Մատչելիության հղումներ

Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Թեհրանում, 7-ը սեպտեմբերի, 2018թ.
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Թեհրանում, 7-ը սեպտեմբերի, 2018թ.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր Սոչիում քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացման և Սիրիայի իրավիճակի խնդիրները:

Կրեմլը հայտարարել է, որ Էրդողանն աշխատանքային այցով է ժամանում Ռուսաստան:

Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ դեռ սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարները Թեհրանում քննարկել են Սիրիայի Իդլիբի շրջանի, ինչպես նաև առաջիկայում Սիրիայում սահմանադրություն ընդունելու հարցերը:

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում աջակցում են միմյանց դեմ պայքարող ուժերին:

Ենթադրվում է, որ Պուտինը և Էրդողանը կանդրադառնան Իդլիբի ճակատագրին:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը ռուսների և իրանցիների օգնությամբ ծրագրում է լայնածավալ գործողությամբ գրավել դեռևս զինյալների կողմից վերահսկվող շրջանը:

Անկարան նախազգուշացրել է, որ Իդլիբի վրա այդօրինակ գրոհը կարող է հանգեցնել «մեծ արյունահեղության»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 14-ին Բեռլինում ասել է, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում կշարունակի օդային հարվածներ հասցնել «Իդլիբում դիրքավորված ահաբեկիչներին»:

Միաժամանակ նա հավելել է, որ ռուսները «մարդասիրական միջանցքներ կստեղծեն քաղաքացիական բնակչության տարհանման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG