Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանն այսօր Սոչիում կքննարկեն երկկողմ հարցեր


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Իրանում, 7-ը սեպտեմբերի, 2018թ.
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Իրանում, 7-ը սեպտեմբերի, 2018թ.

Աշխատանքային այցով այսօր Սոչի կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Սոչիում կկայանա Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլի հաղորդագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու սիրիական ճգնաժամը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջերս հանդիպել էին Թեհրանում որտեղ կայացել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը նվիրված սիրիական խնդրին։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Էրդողանը մտադիր է Պուտինի հետ հանդիպմանը քննարկել իրավիճակը Սիրիայում։

Սեպտեմբերի 14-ին Ստամբուլում, հիշեցնենք, հանդիպել էին Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների օգնականները՝ քննարկելու իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր՝ այս բանակցություններից հետո կողմերը եկել են այն եզրահանգման, որ Իդլիբում իրավիճակը պետք է կարգավորել քաղաքական ճանապարհով։ Նա կարևորել էր այսօր կայանալիք Էրդողան-Պուտին հանդիպումը։

Իդլիբի հարցով երկու երկրներն այսօր միմյանց հետ լուրջ տարաձայնություններ ունեն. Անկարան, մասնավորապես, համաձայն չէ Իդլիբում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ Այդուամենայնիվ երկու երկրների միջև հարաբերություններն այսօր զարգանում են շատ արագ։ Հատկապես խորն է Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը ռազմատեխնիկական և Էներգետիկայի ոլորտներում։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջերս Ռուսաստանից գնել է S-400 հրթիռային համակարգեր, ընդ որում ռուսական վարկով։ Մոսկվան ու Անկարան այսօր իրականացնում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը, Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Ակույու» ատոմակայանը։

Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին Էրդողանը պաշտոնական այցով Բաքվում էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG