Մատչելիության հղումներ

​​«Չի կարող ԲՀԿ-ի միջոցով լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիան». Նաիրա Զոհրաբյան


Նախկին իշխանություններն «ամենաաստորագույն, ամեանակեղտոտ, ամենաանբարո» մեթոդներով պատերազմ հայտարարեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և մեկ գիշերում ձերբակալեցին Ծառուկյանի մտերիմ 670-ից ավելի անձանց, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով 2015 թվականի դեպքերին։

«Մենք ունեինք տեղեկատվություն, որ իրենք պատրաստվում են խայտառակ սադրանքներ և պրովոկացիաներ, որ լինելու են զոհեր և այդ զոհերի պատասխանատվությունը գցելու էին Ծառուկյանի վրա։ Մենք ունեինք անգամ հստակ տեղեկատվություն, թե որտեղից էին բերել, կներեք այդ բառի համար, մորոռդյորներ, ովքեր թալանելու էին խանութներ, ովքեր անելու էին խայտառակ սադրանքներ, ովքեր անգամ չէին կանգնելու արյան առջև, եթե Ծառուկյանը կայացներ որոշում շարժումը շարունակելու։ Մենք հետագայում ավելի փակագծեր կբացենք։ Ես հիմա ուզում եմ նորից ասել՝ Ծառուկյանը կայացրեց ամենախոհեմ և ամենաճիշտ որոշումը՝ հասկանալով, որ հնարավոր է թափվի արյուն հերթական անգամ, ինչպես եղավ մարտի 1-ին, Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից որպեսզի որևէ քաղաքացի դրանից չտուժի։ Որևէ բանի առաջ չէր կանգնելու իշխանությունը, դրանում կարող եք վստահ լինել», - ասաց Զոհրաբյանը։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում կան նաև հանրապետականամետներ, Զոհրաբյանն այսպես արձագանքեց. - «Ոչ թե հանրապետականամետ, կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր։ Պատահական չէ՝ երբ որ թողեցին ազատ քվեարկություն՝ Սերժ Սարգսյանի վարչապետության, որն ինձ համար ուղղակի կատեգորիկ անընդունելի էր՝ կողմ քվեարկել իր թեկնածությանը, բայց ես չեմ ուզում իմ գործընկերներին մեղադրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրին սպառնացել էին»։

2015 թվականին Հանրապետական կուսակցության փետրվարի 12-ի խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» համարեց, խոսեց «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությանը հաջորդեց Ծառուկյանի ոչ պակաս կոշտ պատասխանը. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»,- ասաց Ծառուկյանն ու դիմեց ժողովրդին.- «Պատրաստվե՛ք պայքարի»։ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, սակայն, փոխեց ԲՀԿ ղեկավարի ծրագրերը։ «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը»,- հայտարարեց Ծառուկյանը, ով արդեն խնդիրները խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով լուծելու կողմնակից էր։

«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան»,- ասացԾառուկյանը։

«Պետության առջև հանցագործություն կատարածները, պետք է կրեն իրենց պատիժը»

Բոլոր նրանք, ովքեր ժողովրդի առջև, պետության առջև կատարել են հանցագործություն, ովքեր պատասխանատու են «Մարտի 1»-ի համար, պետք է կրեն իրենց պատիժ՝ անդրադառնալով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին, հայտարարեց Նաիրիա Զոհրաբյանը։

«Ես ուզում եմ հուսալ, որ մեր դատարանները վերջապես ազատվել են քաղաքական պրեսինգից, վերջապես ազատվել են նախագահականից կամ կառավարությունից զանգերով դատավճիռներ կայացնելուց։ Մեկ բան հստակ է՝ բոլոր նրանք, ովքեր ժողովրդի առջև, պետության առջև կատարել են հանցագործություն, ովքեր պատասխանատու են «Մարտի 1»-ի համար, ուզում է լինի Ռոբերտ Քոչարյանը, ուզում է լինի Սերժ Սարգսյանը, ուզում է լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուզում է լինի, ինձ համար բացարձակ նշանակություն չունի, պետք է կրեն իրենց պատիժը, միանշանակ է. ուզում է խափանման միջոցը ընտրեն կալանք... բացարձակ դա երկու ձեռքով պաշտպանում եմ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող», - ասաց Զոհրաբյանը։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

«Չի կարող ԲՀԿ-ի միջոցով լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիան»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար մոռացված գործիչ է, անցյալ է, և ԲՀԿ-ի միջոցով չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիան։

«Քանի որ մենք անընդհատ խոսում ենք Ռոբերտ Քոչարյանից, Ձեր թույլտվությամբ ես անդրադառնամ մի հերթական ապատեղեկատվության, որ փորձում են հանրությանն ահաբեկել Ռոբերտ Քոչարյանի ստվերով, որն իբր պետք է վերադառնա «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով. հարգելինե՛րս, սիրելինե՛րս, նրանք, ովքեր ադեկվատ են, վերջին անգամ ես իմ ուղերձը հղում եմ ձեզ և ասում՝ «Բարգավաճ Հայաստանի»-ի միջոցով նախկին որևէ պաշտոնյա, ով ունի մեղավորության իր բաժինը «Մարտի 1»-ի հետ կապված, ժողովրդի առջև, տարբեր՝ տնտեսական, քաղաքական հանցագործություններով, չի վերադառնալու։ 15 տարի փորձում են ահաբեկել Ռոբերտ Քոչարյան - «Բարգավաճ Հայաստան» կապով։ Չկա նման կապ, չի կարող լինել։ Տեսնում եք՝ «Բարգավաճ Հայաստան»-ը Գագիկ Ծառուկյանն է, ես եմ, իմ թիմակիցներն են, մեր ծրագրերն են, չկա և չի կարող լինել նման բան։ Մի փորձեք հանրությանը վախեցնել Ռոբերտ Քոչարյանի ուրվականով, Ռոբերտ Քոչարյանին դուք եք PR անում, հարգարժաննե՛րս, դուք եք նրան PR անում, մեզ համար նա մոռացված գործիչ է, ինձ համար ինքն անցյալ է, ինձ համար ինքը փակված էջ է, ինչպես փակված էջ է Սերժ Սարգսյանը։ Չի կարող լինել մեր միջոցով առնվազն իրենց քաղաքական ռեինկարնացիայի հարցը», - ասաց Զոհրաբյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG