Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիև կրտսերը զինվորական երդում է տվել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զավակները՝ Հեյդար Ալիև կրտսերը, Արզու և Լեյլա Ալիևաները, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին ՝ Հեյդար Ալիև կրտսերը, զինվորական երդում է տվել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով 21-ամյա Հեյդարի լուսանկարները երդում տալիս, տողանին մասնակցելիս, զինակիցների հետ շփվելիս, ծնողների հետ գրկախառնվելիս:

Միակ որդու զինվորական երդմնակալությանը անձամբ ներկա է եղել նաև նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ այդ հաղորդումների Ադրբեջանի նախագահի որդին ծառայություն կանցնի ոչ թե ազգային բանակի զինված ուժերում, այլ պետական անվտանգության ծառայության զորքերում: Այս գերատեսչությունը ստեղծվել է 2015 թվականին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բազայի վրա:

Իլհամ Ալիևի որդին, ում կոչել են պապի՝ Ադրբեջանի նախկին նախագահ, ազգի հայր և հերոս Հեյդար Ալիևի պատվին, 2013 թվականին ընդունվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Ի տարբերություն քույրերի՝ Արզուի և Լեյլայի, Հեյդարը աչքի չի ընկնում իր ակտիվությամբ, առավել ևս՝ հասարակական գործունեությամբ: Սակայն Ալիևի որդին ամենևին էլ անհայտ անձ չէ անգամ երկրի սահմաններից դուրս և հատկապես միջազգային մամուլում. նա ընդամենը տասնմեկ տարեկան էր, երբ միջազգային հետաքննող լրագրողները պարզեցին, որ Դուբայի ամենաշքեղ ափամերձ գոտիներից մեկում` Ջումերյայում դարձել է թանկարժեք 9 ամառանոցների սեփականատեր:

Հետագայում Հեյդար Ալիև կրտսերի անվան հետ կապվող ունեցվածքի մասին տեղեկատվությունը ավելի լայն աշխարհագրություն ընդգրկեց, դրանց արժեքները տասնյակ միլիոններից հասան հարյուրավոր միլիոնների: Ալիևի վարչակազմը, սակայն, այդ հրապարակումներին երբեք որևէ կերպ չարձագանքեց և հրաժարվեց մեկնաբանել, թե որտեղից նախագահի դպրոցական, ապա ուսանող որդուն միլիոնավոր դոլարների հասնող գույքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG