Մատչելիության հղումներ

«Ռուսատյացությունը ԱՄՆ-ում խոչընդոտում է մեր կապերի բարելավումը»


Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հեյկո Մաասը և Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 10-ը մայիսի, 2018 թ.
Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հեյկո Մաասը և Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 10-ը մայիսի, 2018 թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնել է Բեռլին, որտեղ ելույթ է ունեցել ռուս-գերմանական համաժողովում և ավելի ուշ կհանդիպի Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ իր պաշտոնակից Հեյկո Մաասի հետ:

Նախօրեին Լավրովը DPA գերմանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի և Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների մասին: Նա ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է հաղթահարել ճգնաժամը, սակայն Ամերիկայում առկա ռուսատյացությունը խոչընդոտում է կապերի բարելավումը:

«Մենք լուրջ ենք ընդունում բնականոն երկխոսություն հաստատելու ցանկության մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, մենք պատրաստ ենք անցնել դրան տանող ճանապարհի մեր հատվածը և փակուղուց դուրս հանել հարաբերությունները»,- ասել է Լավրովը՝ շարունակելով․

«Բայց եթե Ամերիկայի լիդերից ինչ-ինչ դրական ազդակներ ենք ստանում, ապա Միացյալ Նահանգների վերնախավի շրջանում տիրող տրամադրությունը ռուսատյացությունն է, այդ վերնախավը մեր երկիրը համարում է թշնամի և ձգտում է ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների քաղաքական գերակայությունը հաստատել»:

DPA-ն նշում է, որ չնայած 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հետ կապված դեմոկրատականների և մի շարք հանրապետականների սուր քննադատություններին, Թրամփը պարբերաբար խոսում է Մոսկվայի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին:

Հիշյալ հարցազրույցում Լավրովը նաև ասել է, որ Եվրոպական Միությունը պետք է հաղթահարի կախվածությունը Վաշինգտոնից և իրականացնի առավել ինքնուրույն քաղաքականություն, մասնավորապես, մերժելով ԱՄՆ-ի առաջնորդությամբ Մոսկվայի դեմ սահմանվող պատժամիջոցները:

Նա DPA-ի հետ զրույցում նշել է, թե առկա է Գերմանիայի հետ կապերի բարելավման հնարավորություն: «Ես կնախընտրեի լարված չորակել մեր հարաբերությունները Գերմանիայի հետ»,- ասել է Լավրովն ու հավելել. «Պատմական, մշակութային, սոցիալական ընդհանուր մերձեցումը, եթե կուզեք՝ մարդկային իմաստնությունը ստեղծել են հիմք, որը թույլ է տալիս հավատալ տեսանելի և բարի ապագային․ ապագա, որը հնարավոր է միասին կերտել»:

ՌԴ ԱԳ նախարարաի խոսքով՝ կան քաղաքական տարաձայնություններ, որոնք բարդություն են ստեղծում երկկողմ հարաբերություններում:

«Անցած քառորդ դարի ընթացքում արևմտյան կառավարությունները մշտապես փորձել են սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները: Դրա կիզակետը 2014 թվականի ուկրաինական ճգնաժամն էր, բայց ես հավատում եմ, որ ռուս-գերմանական կապերը շարունակում են զարգանալ նույնիսկ այդ պայմաններում»,- ասել է Լավրովը:

Ղրիմի բռնազավթման և Ուկրաինայի անջատականներին սատարելուց զատ՝ Ռուսաստանի և Արևմուտքի լարվածությանը գումարվել է նաև Սիրիայի գործոնը: Բաշար ալ-Ասադի բանակը ռուսների և իրանցիների օգնությամբ մտադիր է գրավել Դամասկոսին դեռևս չենթարկվող վերջին՝ Իդլիբի խիտ բնակեցված շրջանը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասն ասել է, որ Լավրովի հետ զրույցում կարծարծի Իդլիբի վրա լայնածավալ ռազմական գործողության հնարավոր աղետալի հետևանքների խնդիրը: «Մենք գիտենք, թե որն է խաղադրույքը, հիմա խոսքը վատթարագույն մարդկային աղետը կանխելու մասին է»,- ասել է Մաասը:

Նրա հանդիպումը Լավրովի հետ դեռ չի սկսվել: Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Բեռլինում ռուս-գերմանական համաժողովում ասել է, թե ռուսական ուժերն Իդլիբում ոչնչացնելու են ահաբեկիչների համար անօդաչու թռչող սարքեր պատրաստող ընդհատակյա արտադրամասերը:

«Սիրիայի բանակը և մենք ընդամենը արձագանքում և ոչնչացնում ենք այդ արտադրամասերը: Արևմուտքը դա հրամցնում է իբրև լայնածավալ գրոհ, ինչը փաստերի անբարեխիղճ աղավաղում է»,- ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG