Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «հրաժեշտ է տվել» Ռուսաստանին և խորհրդային անցյալին: Նա հայտարարել է, որ Կիևին հաջողվել է կանգնել արևմտյան ուղու վրա՝ մերձենալով Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, չնայած Կրեմլի բազմամյա դիմադրությանը:
Կիևում ելույթ ունենալով Յալթայի եվրոպական ռազմավարական համաժողովում՝ Պորոշենկոն նշել է, թե ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի ընթացքում իրենց բազմիցս հավաստիացրել են, որ Ուկրաինան ռազմական այդ դաշինքին անդամակցելու հեռանկարներ ունի:
«Դա ոչ միայն Մոսկվային ևս մեկ անգամ հրաժեշտ տալու մտադրություն է` ցտեսություն, մեր քնքուշ արջուկ, վերադարձիր հեքիաթային անտառդ: Դա ուղերձ է նաև մեր արևմտյան գործընկերներին` քանի որ մեզ բազմիցս ասել են, որ դռները բաց են, ուրեմն նույնիսկ մի կասկածեք՝ մենք անպայման ներս կմտնենք», - Պորոշենկոյի խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները:
Անցյալ տարի Պորոշենկոն Ռուսաստանին «հրաժեշտ էր տվել» Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծության տողերով` «Մնաս բարով, անլվա Ռուսաստան», և հայտարարել, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը նշանակում է ավտորիտար «ռուսական աշխարհից» վերջնական անջատվել: