Ուղիղ մեկ ամիս առաջ ադրբեջանական բանտից ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, REAL շարժման հիմնադիր և առաջնորդ Իլգար Մամեդովը համոզված է` Ադրբեջանը չպետք է Ռուսաստանի ճնշման ներքո գործողություններ ձեռնարկի Հայաստանի նոր իշխանությունների դեմ: Այս մասին Մամեդովը նշում է «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում` հստակորեն դեմ արտահայտվելով նաև Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):
«Անդամակցելով ՀԱՊԿ-ին` Ադրբեջանը կվերածվի երկրորդ կարգի մի պետության: Եթե այդ խոսակցությունները ի հայտ գային հենց այնպես` դա մի բան է: Բայց այդ հարցը սկսեց արծարծվել Հայաստանում արևմտամետ կառավարության ստեղծման ֆոնին: Փաստորեն ստացվում է, որ մեր ներկայությունը ՀԱՊԿ-ում նախատեսվում է բացառապես Հայաստանին հակազդելու համար: Եվ սա մի գործառույթ է, որ մեզ է առաջարկում Ռուսաստանի կառավարությունը», - նշում է Իլգար Մամեդովը` հավելելով․ - «Արդյոք Ադրբեջանը պե՞տք է գործիք դառնա Ռուսաստանի ձեռքին Հայաստանի ներկայիս իշխանություններին ճնշելու համար: Ես նման հեռանկարին բացասաբար եմ վերաբերվում: Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որպեսզի Ադրբեջանը նման մի գործիքի վերածվի: Մենք ինքնիշխան պետություն ենք, ինքնիշխան ազգ: Մեր առաքելությունն աշխարհում ու տարածաշրջանում շատ ավելի վեհ բնույթ պետք է կրի»:
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը ավելի քան հինգ տարի է անցկացրել բանտում` միջազգային շարունակական ճնշման արդյունքում միայն անցած ամիս ազատ արձակվելով: Իլգար Մամեդովի խոսքով՝ իրադրությունը երկրում իր բանտարկության հինգ տարիների ընթացքում զգալիորեն վատթարացել է:
«Այսօր արդեն որևէ մեկը չի կասկածում` Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է երկրում դինաստիկ ռեժիմ ստեղծել, ամրապնդել այն` ոտնահարելով հանրապետական գաղափարները», - շեշտում է ադրբեջանցի ընդդիմադիրը:
«Եթե հարցնեք արտերկրում բնակվող կամ հաճախ արտասահման մեկնող ադրբեջանցիներին, ապա նրանք ձեզ կպատմեն, թե ինչ խոսակցություններ են ծավալվում հայերի և վրացիների հետ տարբեր համաժողովների ընթացքում կամ թեկուզ ռեստորաններում: Վրացիներն ու հայերը ասում են, որ գոնե ինչ-որ ժողովրդավարական փորձ ձեռք են բերել, իսկ մեր ժողովուրդը շարունակում է գահավիժել միջնադարին բնորոշ քաղաքական համակարգի ուղղությամբ», - պնդում է Մամեդովը:
«Սոցիալապես, տնտեսապես, հասարակական կյանքում ակտիվ ադրբեջանցիները, որոնք հաճախ են արտերկիր մեկնում, հաստատում են, որ վրացիների և հայերի հետ համեմատության ժամանակ իրենք իրենց բավական վատ են զգում», - ընդգծում է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը: