Մատչելիության հղումներ

Փաշինյանը հակադարձում է Քոչարյանին. «Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել մարտի 1-ին»


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել մարտի 1-ին, այսօր «Ազատության» խնդրանքով արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ Ռոբերտ Քոչարյանը Yerevan.Today-ի տված հարցազրույցում հայտարարեց, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցը ապացուցում է, որ «կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա»:

«Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել», - ասաց Քոչարյանը։

Օրերս համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Տարածված հեռախոսային գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG