Մատչելիության հղումներ

«Առաջին իսկ օրերից մտածել եմ նախկին տիկնոջն այց անեմ». Աննա Հակոբյան


Հայաստանի երրորդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի հանդիպել, սակայն անկեղծանում է՝ այդպիսի մտադրություն ունեցել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հենց առաջին օրից։ Այդ մասին Աննա Հակոբյանն ասաց «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։

«Ազատություն». - Տիկին Հակոբյան, «Կանայք հանուն խաղաղության» ծրագիրն ի՞նչ փուլում է, ի՞նչ եք անելու, հաջորդ քայլը ո՞րն է։

Աննա Հակոբյան. - Առաջիկայում ռուսաստանցի հայտնի կանայք՝ հասարակական, քաղաքական գործիչներ, այցելելու են Հայաստան, որպես այդ արշավի երկրորդ փուլ մենք կիրականացնենք ինչ-որ բան, որը տեսանելի կլինի, կլուսաբանվի, լրագրողները նախապես կիմանան մեր անելիքների մասին։

«Ազատություն». - Հնարավո՞ր է մի օր Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ նույն սեղանի շուրջ նստեք։

Աննա Հակոբյան. - Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ անցնել և ասել՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, բայց ինչ-որ քայլեր նախատեսված են, մտածված են, և ես արդեն կոչ եմ արել ռուսաստանցի կանանց նույն ուղերձն անել և՛ սահմանի այս կողմից, և՛ սահմանի մյուս կողմից։ Այն, որ նպատակ կա, որ հասնի այս արշավի ձայնն իրենց և նաև իրենք միանան, դա կա։ Իսկ բուն հանդիպման մասին առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել՝ նույնիսկ հնարավո՞ր է, թե՞՝ ոչ, որովհետև շատ վաղ է, այս արշավը դեռ նոր է, պետք է զարգանա, որից հետո ընթացքն ամեն ինչ ցույց կտա։

«Ազատություն». - Այլ երկրների առաջին տիկնանց հետ կապեր կա՞ն։

Աննա Հակոբյան. - Ո՛չ, որովհետև առիթներ չեն եղել, նման փորձ դեռ ձեռք չեմ բերել։

«Ազատություն». - Ձեր հարևանուհու՝ Ռիտա Սարգսյանի հետ հանդիպում եղե՞լ է։

Աննա Հակոբյան. - Ո՛չ, երբևէ հանդիպում չի եղել: Առաջին իսկ օրերից մտածել եմ, որ որպես կին կամ որպես նոր ղեկավարի տիկին՝ նախկին տիկնոջն այց անեմ, բարեկամական որևէ այց, սուրճի՝ քաղցրավենիքով, բայց չգիտես ինչու, ոչ մի կերպ չեմ կարողանում դրան գնալ, գործնականում անել, որովհետև չգիտեմ՝ արձագանքն ինչպիսին կլինի, և հետո իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ իրականում չգիտեմ՝ նա այդ առաջարկն ինչպես կընդունի, բայց դա իմ մտքով առաջին իսկ օրվանից անցել է։

«Ազատություն». - Գիտե՞ք, դեռ Ձեր հարևանուհին է։

Աննա Հակոբյան. - Իրենք դեռ ապրում են այնտեղ, որովհետև պետությունը նոր տուն չի տրամադրել։ Այնպես որ, կապրեն այնտեղ, մինչև որ տրամադրի, բայց ես երբևէ չեմ տեսել նրանց այդ տարածքում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG