Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է ավստրիացի լրագրող և ակտիվիստ Մաքս Զիրնգաստը


Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ավստրիացի լրագրող և ակտիվիստ Մաքս Զիրնգաստին:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ լրագրողը ձերբակալվել է Անկարայում գտնվող իր բնակարանում, որտեղ բնակվում էր վերջին տարիներին:

Ավստրիական աղբյուրների համաձայն՝ ձախակողմյան գաղափարախոսության հետևորդ երիտասարդ լրագրողը նաև սովորում է Անկարայի համալսարանի քաղաքագիտության բաժնում:

Իր վերջին հոդվածներից մեկում նա գրել է Թուրքիայի նախագահական ընտրությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների և դրան հաջորդած արտահերթ նախագահական ընտրությունների միակ նպատակը Էրդողանի իշխանությունը էլ ավելի ամրապնդելն է:

Լրագրողի գործընկերների համոզմամբ ձերբակալության պատճառը նրա քննադատական հոդվածներն են ի պաշտպանությունը Թուրքիայում գործող Քրդական աշխատավորական կուսակցության, որը պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կառույց:

Թուրքական իշխանությունները առայժմ չեն մեկնաբանել ավստրիացի լրագրողի աղմկահարույց ձերբակալությունը:

Պաշտոնական Վիեննան, մինչդեռ, կոչ է արել անհապաղ մանրամասներ ներկայացնել իր քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ և ազատ արձակել նրան: Այս մասին մասնավորապես հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով՝ էրդողանի վարչակազմին կոչ անելով ազատ արձակել հերթական ձերբակալված լրագրողին:

ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, միանալով դատապարտող հայտարարություններին և լրագրողին ազատ արձակելու կոչերին, ընդգծել է. - «Այդ ձերբակալությունը ևս մի օրինակ է, թե ինչ ծանր պայմանների և սահմանափակումների են բախվում լրագրողները Թուրքիայում»:

Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում տասնյակ օտարերկրացի և տեղացի լրագրողներ են մեղադրվել ահաբեկչության հետ կապված ծանր հանցանքներում: Այդ քրեական հետապնդումներին վերջ տալու մասին կոչերը՝ միջազգային հանրության կոչերը, թուրքական իշխանությունները հիմնականում անտեսում են:

Ավստրիացի լրագրողի ձերբակալությունը ենթադրվում է էլ ավելի կսրի թուրք-ավստրիական առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամը գագաթնակետին հասավ անցյալ տարի, երբ Ավստրիայի իշխանություններն արգելեցին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին Վիեննայում մասնակցել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված միջոցառմանը:

Բացի այդ Եվրամիության անդամ Ավստրիան դեմ է Թուրքիայի հնարավոր անդամակցությանը եվրոպական ընտանիքին: Վիեննան պնդում է , որ Բրյուսելը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները:

Այդ մասին հայտարարությունները էլ ավելի կոշտացան 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձին հաջորդած իրադարձությունների ֆոնին, երբ իշխանությունները ձերբակալեցին ավելի քան 50 հազար մարդ՝ այդ թվում տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, գրողներ, 150 հազար պետական ծառայողներ էլ՝ ուսուցիչներ, դատավորներ, զինվորականներ, պաշտոնանկ արվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG