Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունն առաջիկա օրերին կքննարկի մարիխուանայի արտադրությունն օրինականացնելու հարցը


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Վրաստանի կառավարությունն առաջարկում է օրինականացնել մարիխուանայի արտադրությունը` հետագայում այն արտահանելով միջազգային շուկա:

Մամուկա Բախտաձեի կառավարությունն օրենսդրական այս նախաձեռնությունը կքննարկի արդեն առաջիկա օրերին:

Առաջարկի համաձայն, մարիխուանայի՝ բացառապես դեղագործական և օծանելիքի ստեղծման նպատակով արտադրությամբ կզբաղվեն հատուկ կառավարական արտոնագրի արժանացած ընկերությունները:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնության հաստատման դեպքում միջազգային մրցույթ կհայտարարվի, որի ընթացքում էլ կընտրվեն մարիխուանայի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ու Վրաստանի այն շրջանները, որտեղ գործունեություն է ծավալելու մրցույթի հաղթողը:

Մամուկա Բախտաձեի նախարարական կաբինետի այս մտահաղացումն արդեն իսկ արժանանում է ընդդիմության կոշտ հակազդեցությանը:

«Դրանք գի՞ժ են», - բառացիորեն այսպես արձագանքեց կառավարության նախաձեռնությանը «Հայրենասերների դաշինք» կուսակցության ղեկավարներից Ադա Մարշանիան՝ պնդելով, թե «Վրացական երազանք»-ն ամեն դեպքում կողմ է քվեարկելու այդ նախաձեռնությանը, քանի որ, ըստ ընդդիմադիր գործչի, մարիխուանայի արտադրությունն իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընկալում է որպես հավելյալ լծակ և փող ձեռք բերելու մեթոդ։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիայի խոսքով էլ՝ կառավարության տեսակետն այս հարցում առնվազն տարօրինակ է:

«Ես կողմ եմ մարիխուանայի ամբողջական օրինականացմանը, քանի որ դա քրեածին երևույթների դեմ պայքարի լավագույն ձևն է: Եթե գոյություն ունի մարիխուանայի արտադրության իրավունք, ապա դրանով պետք է օժտված լինի յուրաքանչյուր ցանկացող», - հայտարարում էր Բոկերիան:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչների համոզմամբ՝ մարիխուանայի թեկուզ և լիցենզավորված արտադրությունն ի վերջո հանգեցնելու է երկրի տարածքում թմրամիջոցների անկառավարելի տարածման:

«Այս նախաձեռնությունն ի հայտ է եկել որոշ մարդկանց ակտիվ լոբբիստական ջանքերի շնորհիվ: Մեր երկրում, սակայն, որտեղ պաշտոնյաները թաթախված են կոռուպցիայի մեջ, իշխանություններն ի վիճակի չեն լինելու վերահսկել ներքին շուկան», - համոզված է ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, սակայն, խոստանում է` կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մարիխուանայի արտոնագրված արտադրությունը ծավալվի բացառապես օրենքի շրջանակներում` բնակչության համար որևէ ռիսկի չհանգեցնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG