Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություններն ու հռետորաբանության պատճառով հաստատված ռազմաշունչ մթնոլորտը, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանին։
Վարդապետյանի հարցը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանի վարչապետն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»։
Փաշինյանն այսօր վերահաստատեց՝ ինքն իրավասու է բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև Հայաստանի վարչապետն է։
«Իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետության նախագահը չեմ, վարչապետը չեմ։ Ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի կամարտահայտման անհրաժեշտությունը, այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է, հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով։ Եվ վերը նշվածի համատեքստում ամեն դեպքում ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավելու պատրաստակամությունս և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»։