Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Իդլիբում սպասվող հարձակումը «աննախադեպ մարդասիրական մղձավանջի» կհանգեցնի


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել Սիրիայում ներգրավված հիմնական դերակատարներին` Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին, անել հնարավորը քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերից խուսափելու համար: Նման կոչով երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Իդլիբում լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելը կենսական նշանակություն ունի: Ռազմական այդ գործողությունները կարող են հանգեցնել մարդասիրական մի այնպիսի մղձավանջի, որ մենք չենք տեսել արյունալի սիրիական հակամարտության ողջ ընթացքում», - հայտարարում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերեշի հայտարարություններին զուգահեռ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի երեկոյան մի քանի ժամ շարունակ քննարկում էր Իդլիբում ստեղծված կացությունը: Ամերիկացի դիվանագետները շարունակում են պնդել, որ Ռուսաստանի և Իրանի անվերապահ աջակցությունն ու ռազմական օժանդակությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերը ցանկացած պահի կարող են լայնածավալ հարձակման անցել Իդլիբի ուղղությամբ` վտանգելով այստեղ կուտակված ավելի քան 3 միլիոն խաղաղ բնակիչների կյանքը:

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարում էր․ - «Միացյալ Նահանգները դեմ է Իդլիբում իրադրության ցանկացած սրման: Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է նույն մոտեցումն ունենա: Ռուսաստանը Սիրիայի խաղաղությանը նվիրված քննարկումների ընթացքում այլևս չպետք է վատնի մեր ժամանակը: Ռուսաստանին և Իրանին ընձեռված էին Սիրիայում որպես կառուցողական դերակատարներ հանդես գալու բոլոր հնարավորությունները: Բայց ինչպե՞ս են նրանք օգտագործել այդ հնարավորությունները: Այդ պետությունները Սիրիայի ողջ տարածքում այսպես կոչված անվտանգության գոտիներ են ստեղծել, որոնց տարածքում ցինիկաբար, համակարգված և անողոքաբար բռնություններ են կիրառում»:

Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պնդել` Արևմուտքի միջամտությունը սիրիական հակամարտությանը անխուսափելի կդառնա, եթե Բաշար Ասադի կառավարությունը որոշի Իդլիբում իրականացվող հարձակման ընթացքում քիմիական զենք կիրառել: Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում ամերիկացիները սիրիական խնդրի կարգավորման շրջանակներում նոր դաշնակիցներ ձեռք բերեն` ի դեմս պաշտոնական Բեռլինի:

Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական արշավին Բունդեսվերի մասնակցությունը այսօր չբացառեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: «Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման պարագայում Գերմանիան չի կարող կրավորական դիրք գրավել: Մեր երկիրը չի կարող աչք փակել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա», - հայտարարել է Մերկելը:

Բաշար Ասադի գլխավոր միջազգային հովանավորը` Ռուսաստանը, սակայն, շարունակում է կոչ անել արևմտյան պետություններին զերծ մնալ ռազմական միջամտությունից: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում պնդում էր, թե պաշտոնական Մոսկվան ևս ցանկանում է խուսափել մարդկային զոհերից:

«Իդլիբի թեմայով այս թախանձագին կոչերը թելադրված են ոչ այնքան քաղաքացիական բնակչության մասին մտահոգություններով, որքան Սիրիայում գտնվող վերջին խոշոր ահաբեկչական անկլավը պահպանելու և կառավարության կողմից երկրի ողջ տարածքի հանդեպ վերահսկողության սահմանմանը խոչընդոտելու ցանկությամբ», - հայտարարում էր Նեբենզյան:

Ուշագրավ է, սակայն, որ կառավարական ուժերի` Իդլիբում սպասվող հարձակման շեմին Ասադի դաշնակիցները իրադարձությունների ամենաանցանկալի սցենարից խուսափելու որոշ առաջարկներ հնչեցնում են: Ռուսաստանի ներկայացուցիչների խոսքով՝ այդ խնդրում առանցքային դերակատարությունը վերապահված է պաշտոնական Անկարային:

«Դուք գիտեք, որ մեկուկես տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Իդլիբը Թուրքիայի պատասխանատվության գոտին է հանդիսանում: Հենց Թուրքիայի պատասխանատվության շրջանակներում է չափավոր հայացքներով հանդես եկող ուժերի տարանջատումը ծայրահեղականներից` այդ թվում «Ջաբհաթ ան-Նուսրա» և ահաբեկչական մյուս խմբավորումներից», - երեկ Ժնևում կայացած եռակողմ ռուս-թուրք-իրանական բանակցությունների ավարտին հայտարարում էր Սիրիայի խնդրով Ռուսաստանի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG