Մատչելիության հղումներ

«Քաղաքացիները տրամադրված են առանց ընտրակաշառքի ընտրություն անելու»․ Զեյնալյան


Երևանի բնակիչ Արևիկ Մելքոնյանն այսօր աշխատանքի փոխարեն շտապել էր «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ հանդիպման:

«Միշտ ասում եմ՝ Երևանի հանդեպ իմ սերը միակողմանի է: Ես սիրում եմ Երևանը, իսկ Երևանը ինձ չէ, որովհետև իրեն միայնակ վայելելու հնարավորությունից ինձ զրկել են», - ասում է նա:

Արևիկի ազատ տեղաշարժն իր սիրելի Երևանում երբեմն ուղղակի անհնարին է դառնում: Քաղաքային տրանսպորտը հատուկ պայմաններով ապահովված չէ, տաքսու վարորդներն էլ միշտ չէ, որ բարեհամբույր են: Իսկ ժամանցի հարցում ամբողջությամբ ընկերների բարի կամքին է ապավինում․ - «Ոչ մի ժամանցի կենտրոն, ոչ մի մշակութային կառույց հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ես թանգարաններից եմ զրկված, ես սրճարաններում ու փաբերում իմ ընկերների հետ ժամանակ անցկացնելուց եմ զրկված»:

Արտակ Զեյնալյանն անձամբ է համոզվել՝ նման խնդիրները շատ են մայրաքաղաքում: «Ֆիզիկական թերություններով անձինք նաև կարող են շատ պիտանի լինել հասարակությանը: Մենք դա պիտի ապահովենք աստիճանաբար և արդարաբար», - ասում է քաղաքապետի թեկնածուն:

Ֆիզիկական խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ հանդիպումից հետո Զեյնալյանը քարոզարշավը շարունակեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի տոնավաճառում:

Քաղաքացիների հետ անմիջական շփումներից արդարադատության նախարարը համոզվել է՝ ընտրակաշառքի նկատմամբ քաղաքացիների տրամադրվածությունը փոխվել է: - «Կարծում եմ՝ քաղաքացիները տրամադրված են առանց ընտրակաշառքի ընտրություն անելու, և անկեղծ ասած՝ չեմ ուզում հավատալ, որ կան ուժեր մեր մրցակիցների մեջ, ովքեր փորձում են ընտրական կամքը ձևավորել կաշառքի միջոցով», - նշեց Զեյնալյանը:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն կրկին կոչ արեց՝ չգայթակղվել և որևէ խոստման կամ գումարի դիմաց չքվեարկել:

Երևանի քաղաքապետարանի բյուջեով գայթակղված նախկին ու ներկա պաշտոնյաներին էլ զգուշացրեց՝ իր ընտրվելու դեպքում չի թիրախավորելու նրանց, կոռուպցիայով և չարաշահումներով կզբաղվեն իրավապահները․ - «Որևէ անօրինական բան բացահայտելու դեպքում այն տրամադրվելու է իրավապահ մարմիններին, որպեսզի իրականացվի օբյեկտիվ, անաչառ քննություն»:

«Լույս» դաշինքի թեկնածուն Երևանի բազմամյա հիմնախնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ իր պատկերացումները վաղը կներկայացնի Աջափնյակ համայնքի բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG