Մատչելիության հղումներ

Սենցովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա արդեն կտակ է գրել


Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի քույրը՝ Նատալյա Կապլանը, հայտարարում է, որ շուրջ չորս ամիս հացադուլի մեջ գտնվող Սենցովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա արդեն կտակ է գրել:

Իր Ֆեյսբուքյան էջում Կապլանը հրապարակել է այս մասին եղբոր նամակը:

«Այն, որ ես շուտով դուրս կգամ և մենք բոլորս երջանիկ կապրենք Կիևում, արդեն չեմ հավատում: Բայց դա չի նշանակում, որ ես կոտրվել եմ և պատրաստվում եմ դադարեցնել [հացադուլը]: Ես չեմ հանձնվի ցանկացած պարագայում, պարզապես չեմ հավատում այս ողջ պատմության երջանիկ ավարտին», - քրոջ փոխանցմամբ` գրել է Օլեգ Սենցովը:

Ռեժիսորը պատմել է նաև, որ իր առողջական վիճակը վատթարանում է, նախկին խնդիրներին ավելացել է նաև թթվածնային անբավարարությունը՝ սրտում և ուղեղում:

«Գլխումս մշուշ է՝ պտտվում է: Մարմինս, գլուխս, վերջույթներս անզգայանում են»,- գրել է նա, միևնույն ժամանակ հավելելով, որ «փորձում է դիմադրել, չնայած գոյատևում է իներցիայով»:

Նատալյա Կապլանի խոսքերով ռեժիսորը կտակ է գրել՝ մահվան պարագայում իր ստեղծագործությունների հետագա ճակատագրի հետ կապված:

«Այդ ամենը շատ է վախեցնում», - գրել է Սենցովի քույրը:

Արդեն չորս տարի ճաղերի ետևում գտնվող ռեժիսորը հացադուլ է հայտարարել մոտ չորս ամիս առաջ՝ մայիսի 14-ին, Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Նրանց թիվը 64 է: Պուտինի վարչակազմը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել այդ պահանջներին, ավելին՝ ռուսաստանյան իշխանությունները շարունակաբար պնդում են, որ 121 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի վիճակը «կայուն է»:

Յամալո-Նենեցական ինքնավար շրջանի մարդու իրավունքների հարցերով լիազորը սեպտեմբերի 6-ին տեղեկացրել է, որ այցելել է շրջանում գտնվող բանտում պահվող Սենցովին:

«Նա բավական առողջ տեսք ունի, ադեկվատ է, հանգիստ է մի խոսքով», - հավաստիացրել է ռուսաստանցի պաշտոնյան:

Սենցովի փաստաբանը, մինչդեռ, հակառակի մասին է ահազանգում՝ նշելով, որ իր պաշտպանյալը շատ թույլ է, գրեթե չի բարձրանում անկողնուց և ունի ցավեր սրտի շրջանում:

Ղրիմում ծնված ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի կողմից թերակղզին բռնակցելուց հետո: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ղրիմի ռուսամետ իշխանությունների ընդդիմախոս, 41-ամյա ռեժիսորը մի քանի այլ անձանց հետ իբր հրդեհել է ոստիկանական բաժանմունքն ու ահաբեկչություններ ծրագրել Ղրիմում, սակայն այս մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG