Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր կողմից 2018-ի վերաբերյալ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն ընդունելու ու հրապարակելու գործողությունները և ոչնչացնել 2017-ի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։

Փաստաբան Արմեն Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենց մատնանշած հայտարարագրերը հենց այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ղազարյանի ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Այս քրեական գործով մեղադրվում են Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ սկզբում կալանավորված Վաչագան Ղազարյանը կալանքից ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Հարությունյանը պնդեց՝ ապրիլի 9-ից հետո Վաչագան Ղազարյանը դադարել է լինել պաշտոնատար անձ, հետևաբար և հարուցված քրեական գործի սուբյեկտ։

Ղազարյանը մինչև մայիսի 17-ը զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Հարությունյանը շեշտեց՝ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել այն արարքի համար, որն ապրիլին 9-ից ապաքրեականացվել է։

Ըստ փաստաբանի, հանրային ծառայության մասին փոփոխված օրենքով նախատեսված է բացառություն՝ պաշտոնը թողնելու դեպքում Ղազարյանը պարտավոր չէր հայտարարագրեր ներկայացնել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG