Ռուսաստանում մեկնարկում են «Արևելք-2018» (Восток-2018) զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև հարևան Մոնղոլիայի և Չինաստանի մի շարք զորամիավորումներ:
Մոսկվան հայտնել է, որ «Արևելք-2018»-ն ամենախոշոր զորախաղերն են հետխորհրդային Ռուսաստանի պատմության ընթացքում: Ըստ պաշտպանության նախարարության, նախորդ ամենախոշոր զորավարժությունները տեղի են ունեցել 1981 թվականին:
Այսօր մեկնարկած զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան 1981 թվականին:
ՆԱՏՕ-ն դատապարտել է այդ զորավարժությունները, հայտարարելով, որ «Արևելք-2018»-ը դիտում է որպես «խոշոր բախման փորձ»:
Այս զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Արևմուտքի խիստ լարված հարաբերությունների պայմաններում:
«Այս զորավարժությունները վկայում են լայնածավալ բախում հաշվի առնելու Ռուսաստանի պատրաստականության մասին»,- այս տարվա օգոստոսին ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթը:
«Դա այն է, ինչ տեսնում ենք վերջին ժամանակաշրջանում՝ ավելի ագրեսիվ Ռուսաստան, որն ավելացնում է իր ռազմական բյուջեն և ներկայույունը»,- հավելել է Ուայթը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Վլադիվոստոկում սեպտեմբերի 11-ից 13-ը տեղի ունեցած տնտեսական համաժողովում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, ներկա կլինի զորավարժությունների բացմանը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «Արևելք-2018» զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի դեմ, «սակայն անհրաժեշտ են, հաշվի առնելով միջազգային թշնամական մթնոլորտը»:
«Ներկայիս միջազգային իրավիճակում, երբ առկա է մեր երկրի նկատմամբ ագրեսիվ և ոչ բարյացակամ վերաբերմունք՝ Ռուսաստանի պաշտպանական կարողության ստուգումն անհրաժեշտ է, կարևոր է և այլընտրանք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պաշտպանության նախարաար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 4-ին ասել է, որ զորավարժություններին կմասնակցի ավելի քան հազար միավոր ավիացիա, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, 80 ռազմանավ, 36 հազար հրասայլ և այլ զրահատեխնիկա:
«Պայմաններն առավելագույնս մոտեցված կլինեն մարտականին»,- ասել է Շոյգուն:
Մոսկվան վերջին տարիներին խոշոր զորավարժություններ է անցկացրել նաև Կովկասում, Բալթյան ծովի և Արկտիկայի շրջաններում: