Մատչելիության հղումներ

Բնակիչները պետք է ապրեն իրենց համար հարմար քաղաքում. Հայկ Մարության


«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասում է, որ ներկայացվող ծրագրերից առավել նաև կարևորում է քաղաքական թիմի քաղաքական կամքը՝ ներկայացվող ծրագրերն ի կատար ածելու գործում։

Այսօր Դավիթաշենում քարոզարշավի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ իրենց թիմի քաղաքական կամքն ուժեղ ու մեծ է, իսկ ծրագրի իրագործման փուլում ակնկալում են նաև քաղաքացիների աջակցությունը։

«Ծրագիր բոլորն են ներկայացնում, ծրագիրը կարևոր է, սակայն ավելի կարևոր է քաղաքական թիմի քաղաքական կամքը, որ իրականացնի այդ ծրագրերը։ Մեր թիմի քաղաքական կամքը շատ մեծ է, ուժեղ է, որ այն բոլոր ծրագրերը, որոնք մենք ներկայացնում ենք, պետք է ի կատար ածենք», - ասաց Մարությանը՝ շարունակելով. - «Այս պրոցեսում ակնկալում ենք մեր երևանցիների աջակցությունը, քանի որ պրոցեսը լինելու է թափանցիկ, ինչպես ներկայացրեցի մեր առաջին կետում, լինելու են հանրաքվեներ շատ կարևոր և առանցքային հարցերի շուրջ։ Այնպես որ փորձելու ենք պահել քաղաքապետարան և հասարակություն կապը, որովհետև, ի վերջո, քաղաքապետարանը ծառայում է բնակիչներին, և բնակիչները պետք է ապրեն իրենց համար հարմար քաղաքում, իսկ թե ի՞նչն է իրենց համար հարմար, ամենալավն իրենք գիտեն. ոչ ոք չի կարող կաբինետում նստել և պատկերացնել ինչն է հարմար, ինչը՝ ոչ», - ասաց Մարությանը։

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG