Մատչելիության հղումներ

Քաղաքապետի թեկնածուներ Փոստանջյանն ու Թարխանյանը մայրաքաղաքի արդյունավետ կառավարում են խոստանում


Զարուհի Փոստանջյան և Անահիտ Թարխանյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան և Անահիտ Թարխանյան, արխիվ

Մայրաքաղաքն առաջին հերթին պետք է արդյունավետ կառավարվի: Այսօր, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, նման հայտարարություն արեց ինչպես «Երևանի հանրություն» դաշինքը գլխավորող՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը, այնպես էլ քաղաքապետի թեկնածու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Մասնագիտությամբ ճարտապետ Անահիտ Թարխանյանն ընդգծեց՝ Երևանը ճգնաժամային վիճակում է, և հաշվի առնելով մայրաքաղաքի ֆինանսական վատ կառավարումը՝ իրենց թիմը մի քանի հստակ մոտեցում է առաջարկում: Մասնավորապես, «Երևանի հանրություն» դաշինքը կարևորում է քաղաքում գույքահարկի գանձման կազմակերպման անհրաժեշտությունը:

«Բյուջեն ձևավորվում է և ծախսվում է ոչ էֆեկտիվ ձևով, արտաբյուջետային եկամուտների հետ կապված հոսքերը անհասկանալի ցածր են՝ տարեկան 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պակաս գումար է հավաքվում միայն գույքահարկից: Հիմնականում դա մեծահարուստների տներն են, որոնցից տարիներ շարունակ որևէ գույքահարկ չի մուծվել: Մենք դրան մանրամասն անդրադառնալու ենք»,- ասաց Թարխանյանը:

Հանդիսանալով Երևանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս պնդեց՝ ականատես են եղել, թե ինչպես է Երևանի բյուջեի հիմնական մասը տարիներ շարունակ «ուղղակի յուրացվել»: Փոստանջյանը պնդում է, որ իր թիմն աշխատելու է բաց ու թափանցիկ կերպով: «Դուք հետևել եք իմ քաղաքական գործունեությանը, նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությանը: Մենք առաջնորդվել ենք միանշանակ արդարության սկզբունքով, և օրենքի գերակայությունը մեզ համար կարևորագույն արժեքներից է: Մեր ծրագիրը ներառում է, որ բյուջեի ցանկացած գումարի ծախսի՝ մուտքի և ելքի մասին հանրությունը տեղեկացված լինի»,- այսօր ասաց Փոստանջյանը:

Երկու ուժերի ուշադրության կենտրոնում էլ Երևանի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներն են․ տրանսպորտ, մաքրության, քաղաքի սոցիալական զարգացում և այլն: Անահիտ Թարխանյանը կարծում է, որ պետք է վերացնել կարմիր գծերը, աստիճանաբար հրաժարվել երթուղային տաքսիներից, բեռնաթափել կենտրոնը: Փոստանջյանն էլ Երևանի հանրային տրասպորտի ցանցի արդյունավետ շահագործումը պատկերացնում է ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոյի ինետգրված ամբողջական համակարգի միջոցով: Երկու թեկնածուներն էլ կարևորում են մետրոյի նոր կայարանների կառուցումը:

Թարխանյանը մանրամասնում է՝ մանկապարտեզները, պոլիկլինիկաները անմխիթար վիճակում են, կանաչ գոտիներ չկան, երիտասարդությունը չունի ժամանցը կազմակերպելու տարածք: Մատնանշելով Երևան քաղաքի մի շարք այլ չլուծված խնդիրներ՝ Զարուհի Փոստանջյանն էլ կարևորում է քաղաքաշինության, մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական մի շարք հարցեր:

Հարցին՝ բոլոր քաղաքական ուժերն էլ բարեփոխումների խոստումնալից ծրագրեր ունեն, սակայն արդյո՞ք դրանք իրատեսական են, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ իրենք «ունեն լայն շրջապատ ողջ աշխարհով մեկ»: Թարխանյանն էլ ընգծեց ներդրումների կարևորությունը: Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել, թե ինչքանով է քաղաքապետի թեկնածուն պատկերացնում իր աշխատանքը, նաև կարծիք հայտնեց Անահիտ Թարխանյանը:

Փոստանջյանի խոսքով՝ այժմ հիմնականում իշխանական ուժերն են ընտրապայքարի մեջ մտել, հետևաբար՝ ընտրողի հասունությունից է կախված, թե ինչպիսին կլինի պատկերը Երևանի ավագանիում:

«Երևանի հանրություն» դաշինքի քարոզարշավն ընթանալու է «Ի շահ հարազատ քաղաքի», իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզարշավը՝ «Արդարություն և օրենք» կարգախոսի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG