Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են


«Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը․ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի: Եվ սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ մենք բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը», - բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բանակցություններից հետո Վրաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանի ու Վրաստանի տարեկան առևտրաշրջանառությունը հասնում է 400 մլն դոլարի, իսկ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Հայաստանի առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ 2017 թվականին կազմել է մոտ 249 մլն դոլար:

Հայաստան կատարած այցի առաջ Ադրբեջանում առևտրի ծավալներին զարկ տալու մտադրության մասին հայտարարած Բախտաձեն նաև ընդգծեց, թե հայ-վրացական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ․ - «Քննարկեցինք և տրանսպորտին, էներգետիկային, զբոսաշրջությանը, ինովացիային, մշակույթին և կրթությանը վերաբերող հարցեր: Աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հայ-վրացական հանձնաժողովի նիստը, որը կքննարկի, թե ինչպես է՛լ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»:

Վրաստանի նորընտիր վարչապետը հայտնեց, որ իր երկիրը անցել է բարեփոխումների մարտահրավերներով լի երկար ճանապարհ, հիմա էլ աշխատում են բարեփոխումների նոր ծրագրերի վրա և այդ հարցում ևս պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ:

«Մենք հասկացանք, որ մեզ պետք է ավելի հաճախ հանդիպել և ավելի երկար զրուցել», - ասաց Փաշինյանը, - «քանի որ հայ-վրացական օրակարգում քննարկման արժանի հարցերը շատ են։ Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակը ավելի է բարձրանում, մթնոլորտը ավելի բարեկամանական և ավելի ջերմ է դառնում»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե վարչապետ ընտրվելուց հետո իր Վրաստան կատարած այցի ժամանակ հարաբերությունների ինչպիսի բանաձև էր առաջ քաշել. Վրաստանում պետք է համոզված լինեն, որ Հայաստանի և հայ ժողովրդի կողմից չկա որևէ դավադրություն կամ սպառնալիք Վրաստանի կամ վրաց ժողովրդի նկատմամբ և հակառակը։

Ապա հավելեց․ - «Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձևը զարգացնել ևս մի այսպիսի նրբությամբ, և կարծում եմ, որ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Վրաստանը իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարևանության առանձնահատուկ բնույթը»:

Նախատեսվածից գրեթե երկու ժամով ավելի տևած հանդիպումից հետո ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի վարչապետները համենայնդեպս տեսախցիկների առջև չանդրադաձան վերջին շաբաթներին ակտիվ քննարկվող Վրաստանի կառավարության որոշմանը, որով սեպտեմբերի 15-ից նախատեսվում է արգելել ցամաքային տրանսպորտով Վրաստանի տարածք ալյուրի ներկրումը կամ տեղափոխումը, և նախատեսվում է դա անել միայն երկաթուղային կամ ծովային ճանապարհով։ Թեև այս որոշումը հավասարապես վերաբերվում է և՛ վրացական, և՛ հայկական կողմին, այնուամենայնիվ տարբեր հաշվարկներով, դրա հետևանքով հատկապես Հայաստանում ցորենը կարող է թանկանալ, անգամ այն պարագայում, որ վրացական կողմը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը:

Բաղրամյան 26-ում վարչապետի կողմից ընդունելությունից հետո Վրաստանի վարչապետին ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ապա՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Մամուկա Բախտաձեն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG