Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ․ Հայտնաբերվել է շուրջ 13,5 միլարդ դրամի չվճարված հարկ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան:

Վերջին մի քանի ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) փաստացի բյուջե է վերականգնել շուրջ 2,3 միլիարդ դրամի հարկային պարտավորություն։

Ըստ կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, այս թիվն ամեն օր ավելանում է, քանի որ համալիր հարկային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 13,5 միլարդ դրամի չվճարված հարկ։

Կառույցի ղեկավարն ընդունում է, որ գումարը հանրության ակնկալիքներից քիչ է, բայց ՊԵԿ-ը, նրա խոսքով, առաջնորդվում է բացառապես օրենքով․ - «Մենք ոչ թե հանրային սպասումներով պետք է գնանք, այլ պետք է գնանք օրենքի դաշտով: Շատ-շատերը կարող է և հարկերը թաքցրած լինեն, ու մենք, օրինակ, ապացուցողական առումով էդքան լավը չլինենք, խնդիրներ ունենանք, չկարողանանք ապացուցել: Ի վերջո մենք իրավական պետություն ենք: Եթե մենք գիտենք, որ այնտեղ հարկեր են թաքցվել, և գնում ենք ու չենք կարողանում վերհանենք և ապացույցներ ձեռք բերենք, որովհետև, օրինակ, անցել է տասը տարի, կամ յոթ տարի․․․ էդ էլ պետք ա գնահատենք»:

Վերադարձված գումարի մի մասը վերաբերվում է խոշոր սուպերմարկետներին, որոնք նախկին իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, ըստ էության, գյուղմթերքի վաճառքի դիմաց սահմանվածից քիչ հարկեր էին վճարել։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ ոչ իրավաչափ այդ սխեմաներն արդեն վերացվել են, բոլորի համար սահմանվել են խաղի հավասար կանոներ․ - «Բացառապես գտնվում են այն դաշտում, որտեղ որ պետք է գտնվեն, այսինքն հիմնականում սովորական հարկման դաշտում են: Նախկինում թե ինչ դրդապառճառներով են այդպիսի համաձայնություններ եղել․․․ Կարող է նաև այնպիսի համաձայնություն լինել, որ, օրինակ, գոնե փաստաթղթավորվի այն մասը, որ մասը որ առնչվում է գյուղատնտեսական մթերքին: Դա տեսակետ է, որ կարելի է լսել, հասկանալ, բայց չկիսել էդ տեսակետը»:

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Անանյանի գլխավորած կառույցը Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ևս մեկ աղմկահարույց բացահայտում էր իրականացրել։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը շուրջ 7 մլն դոլարի անօրինական եկամուտ է ստացել: Այս գործով նախաքննությունը շարունակվում է։

Դավիթ Անանյանի խոսքով ընկերություն այլևս չի գործում, գործարարներն այժմ իրենք են մաքսազերծում ներկրած ապրանքները․ - «Մենք ձևավորել ենք երկու բաժին՝ ձևակերպումների և հաշվառման բաժին, ընդհանուր 27 հոգանոց կոլեկտիվ, որոնց հիմնական նպատակը և գործառույթը այն անձանց, ովքեր արդեն իրենք պետք է հանդես գան մաքսային մարմիններում որպես մաքսային ձևակերպում կատարողներ, նրանց օգնելն ու օժանդակելն է»:

Մաքսազերծման ոլորտում, այդուհանդերձ, սակագների բարձրացում կա, ինչը դժգոհություն է առաջացրել է հատկապես ապրանքներ ներկրող փոքր ու միջին ձեռներեցների շրջանում։ Վերջիններս մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։

Անանյանը փոխանցեց, որ հանդիպել է գործարարներին, ծանոթ է խնդրին, և պնդեց, որ սակագները կրկնակի չեն ավելացել, ինչպես հայտարարում են նրանք․ - «Իրենք մաքսազերծման գումարներին գումարել են նաև բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը: Այդ ծախսերը, բնականաբար, մեր հետ կապ չունեն»:

Հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ 78 միլիարդ դրամով կամ 10,6 տոկոսով ավելի գումար է հավաքագրել։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է հուլիսին: ՊԵԿ նախագահը, սակայն, դրական ցուցանիշներն ամբողջությամբ իրեն չի վերագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG