Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Եթե ամեն անգամ ստիպված ես ապացուցել, որ լեդի ես, ուրեմն լեդի չես»


Արմեն Աշոտյան, 10-ը սեպտեմբերի, 2018 թ․

ՀՀԿ-ում չեն հավատում վարչապետի պնդումներին, թե հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա, և ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել՝ դրանք ուղղակի փայլուն են: Կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծում է՝ կհավատար վարչապետի պնդումներին, եթե Փաշինյանն այդչափ հաճախակի այդ մասին չխոսեր:

«Շատ հաճախ է խոսում վերջին ընթացքում այդ հարաբերություններում որևէ խնդիր չունենալու մասին, կարծես թե հոգեբանական ինքնապաշտպանական ռեակցիա լինի: Կխնդրեմ այդպիսի հաճախությամբ դրա մասին չխոսել, որովհետև ակամայից հիշում եմ մեկ այլ՝ շատ ավելի հայտնի ու կայացած վարչապետի՝ Մարգարետ Թետչերի թեևավոր խոսքերն առ այն, որ եթե դուք ստիպված եք ամեն անգամ ապացուցել, որ լեդի եք, ուրեմն հաստատ լեդի չեք: Այս տեսակետից, կարծում եմ, պետք է հասկանալ՝ որտեղ է ավարտվում քարոզչական հնարքը, և որտեղ է սկսվում հայ-ռուսական հարաբերությունների իրական օրակարգը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը:

Նա շեշտում է՝ կառավարությունը պետք է հետևողական լինի իր հայտարարություններում: Օրինակ՝ պարզ չէ, խոսե՞լ է Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ Փանիկ գյուղի դեպքի մասին, ինչը վարչապետը որակել էր սադրանք՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պնդմամբ, Փաշինյանը մի կողմից պնդում է, թե Հայաստանի ներքաղաքական հարցերը Ռուսաստանի գործը չեն, բայց մյուս կողմից Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկում է Հայաստանի ներքաղաքական հարցերը:

«Միայն ուրախ կլինեմ և բավարարված կզգամ, եթե քաղաքական հայտարարությունների հետևում լինեն իրական գործեր և իրական փաստեր: Ես կարծում եմ, որ մենք չափից ավելի հաճախ ենք լսում ձևակերպումներ, որոնցից հետո չափից ավելի արագ լսում ենք այդ ձևակերպումներից հրաժարումներ: Եվ որպեսզի այդ մտահոգությունները վերջանականապես փարատվեն, «Կոմերսանտին» [Նիկոլ Փաշինյանի] տված հարցազրույցը բավարար չէ: Հարցազրույցներով արտաքին քաղաքականությունն արդյունավետ չի դառնում, դառնում է գործողություններով»,- շարունակեց Աշոտյանը:

«Հանրապետականները պարզապես չեն տիրապետում իրավիճակին»

Ալեն Սիմոնյան, 10-սեպտեմբերի, 2018 թ․
Ալեն Սիմոնյան, 10-սեպտեմբերի, 2018 թ․

Մինչդեռ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հակադարձում է՝ հանրապետականները պարզապես չեն տիրապետում իրավիճակին: «Հանրապետական գործընկերները նախ՝ չեն տիրապետում իրավիճակին, երկրորդ՝ գնահատում են հարաբերություններն իրենց տեսլականից, իրենց պատկերացրած ձևով, որը բերեց այն բանին, որ իրենք կորցրեցին իշխանությունը:

Եվ երբ Հայաստանի Հանրապետությունում կա լեգիտիմ իշխանություն, այս պարագայում բանակցությունները թե՛ Ղարաբաղի հարցով, թե՛ ընդհանուր բանակացային գործընթացները, մի քիչ այլ են, որը հանրապետական գործընկերները չեն պատկերացնում ու չեն էլ կարող պատկերացնել, որովհետև երբևէ օրինական իշխանություն իրենցից չեն ներկայացրել»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան դիտարկմանը, թե Ռուսաստանի արտգործնախարարի՝ ավելի վաղ արած հայտարարությունները, այնուամենայնիվ, վկայում են, որ երկու երկրների հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, Ալեն Սիմոնյանն ասաց՝ դրանք խնդիրներ չեն, այլ հարցեր, որոնք պարզաբանում են ստացել:

ՌԴ արտգործնախարարը բավական կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել, ասելով, թե Հայաստանի նոր իշխանությունների քայլերը հակասում են, մասնավորապես, իրենց իսկ հավաստիացումներին, թե նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու: «Դրանք խնդիրներ չեն, հարցեր են, որոնք պարզաբանում են ստացել [վարչապետի] վերջին այցի ընթացքում»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավորը:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե վերջին ժամկետը, երբ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հաջորդ տարվա մայիսն է : «Բայց դրանք կարող են տեղի ունենալ նաև այս տարի, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին»,- նշել էր Փաշինյանը: Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարցրեցինք՝ հնարավոր համարու՞մ են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան արդեն այս տարի:

«Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած և հոգնեցուցիչ, հյուծող այց է ունեցել, այնքան լարված է եղել մինչև այցը, այցի ընթացքում և հետո, որ երևի թե մոռացել է, որ երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն, և իր քաղաքական ցանկությունները, այնուհանդերձ, պետք է ինստիտուցիոնալիզացնի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում»,- ասաց Աշոտյանը, պարզաբանելով, թե ինչու, որոշ հանրապետականներ, այնուամենայնիվ, կողմ քվեարկեցին կառավարության ներկայացրած ծրագրին․ «[ՀՀկ խմբակցության ղեկավար] պարոն Բաղդասարյանն ասում էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկում, բայց, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, փակուղուց դուրս գալու հրամայականը, որոշակի ձայներ Հանրապետական կուսակցությունից գնացին այդ ծրագրին»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների միջոցով արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությանը, Հանրապետականի փոխնախագահը շեշտեց՝ վերարտադրվելու համար Սահմանադրություն փոխում են բռնապետերը: Աշոտյանը, սակայն, չպատասխանեց հարցին՝ արդեն ընդունո՞ւմ են, որ ոչ վաղ անցյալում հենց Հանրապետականն էր փոխում Սահմանդրությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու համար:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն, իր հերթին, վստահեցնում է՝ ինչպիսի տարբերակ էլ ընտրվի՝ սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեի, կամ մեկ այլ ուղի, արտահերթ ընտրություններն անցկացվելու են օրինական ճանապարհով: «Մաքսիմալ արագ մենք պետք է այդ ընտրությունները կազմակերպենք»,- ասաց Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG