Մատչելիության հղումներ

Ոստիկանություն բերման ենթարկված «Ժառանգության» անդամն ու համակիրը ազատ են արձակվել


«Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

Ոստիկանություն բերման ենթարկված «Ժառանգության» վարչության անդամն ու կուսակցության համակիրը կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ավելի վաղ «Ժառանգության» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը:

«Նրանց հանցանքն այն էր, որ փորձել են «սթրիթ արթ» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին»,- նշված էր հայտարարությունում:

Ոստիկանության Արաբկիրի բաժին մեկնած Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ փողոցում գրաֆիտի անելը օրենքով կարգավորված չէ, և հույս ունի, որ քարոզարշավի ժամանակ նման դեպք չի կրկնվի:

«Հույս ունեմ, որ այլևս չի կրկնվի նման բան: Ըստ էության, մեր երիտասարդները օրենքի շրջաակում են գործել: Ապրիլյան շարժման ժամանակ նման նախադեպեր եղել են, փողոցներում գրաֆիտի արել են, դա օրենքով կարգավորված չէ», - ասաց Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG