Կոսովոյում տասնյակ ալբանացիներ մեքենաներով ու բեռնատարներով փակել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ճանապարհն ու թույլ չեն տվել, որ վերջինս այցելի երկրի հյուսիսում գտնվող, հիմնականում սերբերով բնակեցված Բանյե բնակավայր:
«Վուչիչը չի անցնի այս ճանապարհով», «Դուք նախ պետք է ներողություն խնդրեք Ձեր հանցանքների համար»,- հայտարարել են ցուցարարները, ինչից հետո տեղի իշխանությունները չեղարկել են սերբական բնակավայրեր այցելելու համար նախագահ Վուչիչին տրված թույլտվությունը:
Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը պնդել է, թե իշխանություններն այդ քայլին գնացել են անվտանգության նկատառումներով, նախագահ Հաշիմ Թաչին էլ, կողմ լինելով այդ որոշմանը, միաժամանակ պնդել է՝ ցույցերն ու արգելապատնեշները չեն նպաստի խաղաղության հասնելու՝ Կոսովոյի ու Սերբիայի ջանքերին:
Սերբիայի իշխանությունները պնդում են, թե ճանապարհը արգելափակել են Կոսովոյի անկախության համար պայքարած վետերանները, որոնց Սերբիայում մեղադրում են պատերազմական հանցագործությունների մեջ:
Կոսովոյի ակտիվիստներն էլ իրենց հերթին մեղադրում են Սերբիայի նախագահին բալկանյան պատերազմի ընթացքում ալբանացիների զնավածային սպանություններին աջակցելու մեջ:
Կոսովոն տասը տարի առաջ անկախություն հռչակեց, որը Սերբիան մինչ օրս չի ընդունում: