Մատչելիության հղումներ

«Ուզում ենք քաջալերել բոլոր գործարարներին՝ գործունեություն ծավալեն նաև Հայաստանում»․ Նիկոլ Փաշինյան


Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել։ Այդ մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում անցկացվող ներդրումային համաժողովի ժամանակ։

«Կառավարության անելիքը սրա մեջ ենք տեսնում՝ հավասար հնարավորությունների, արդարության, հավասար մրցակցային պայմանների, օրինականության ստեղծումը, որովհետև, համաձայնեք, այն հին մոտեցումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձևը ժամանակակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ։ Մենք, ընդհակառակը, կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեության, ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանն, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել և գիտեն ոչ միայն բացել, այլև դա շարունակել պահել, զարգացնել և ընդլայնել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելո․ - «Այս համաժողովների հիմնական նպատակը հենց այս գրոծընկերությունը հաստատելն է, մեր մտադրությունները ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ իսկապես նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, իրենց համար են հարստություն ստեղծում, այդ ընթացքում նաև աշխատատեղեր են ստեղծում, այդ թվում՝ նաև հարկեր են գեներացնում և հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության և գիտության ոլորտում»։

Վարչապետնն ընդգծեց՝ այն բոլոր խնդիրները, որ այսօր երկրում կան, կապված են պետական եկամուտների ծավալների հետ։

«Պետական եկամուտների ծավալների աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից՝ ինչքան երկրում ավելացված արժեք կստեղծվի։ Այսօրվա միջոցառումը կազմակերպել ենք, ձեզ հրավիրել ենք ընդգծելու համար այս հանգամանքը, որ ուզում ենք քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք իսկապես գործունեության այդ տեսակը ծավալեն նաև Հայաստանում, իսկ նրանք, ովեր սկսել են գործել, ավելի վստահ գործեն, ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ հեռանկարներ ունենան՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, ի աջակցություն Հայաստանի ժողովրդի, հայոց բանակի և պետականության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG