Մատչելիության հղումներ

Նիդերլանդների կառավարությունը Լիլիին և Հովիկին թույլ տվեց մնալ երկրում


Նիդերլանդներ - 12-ամյա Լիլին և13-ամյա Հովիկը, Հաագա, 13-ը օգոստոսի, 2018թ․
Նիդերլանդներ - 12-ամյա Լիլին և13-ամյա Հովիկը, Հաագա, 13-ը օգոստոսի, 2018թ․

Երկու հայ անչափահասները, որոնք այսօր պետք է Ամստերդամից արտաքսվեին Հայաստան, կարող են մնալ Նիդերլանդներում, հայտարարել է տեղի կառավարությունը՝ դրամատիկ պատմության շուրջ շաբաթներ շարունակված ցույցերից ու քննադատություններից հետո:

Անսպասելի որոշումից ժամեր առաջ 12-ամյա Լիլին և 13 ամյա Հովիկը փախել էին խնամակալ ընտանիքից և թաքնվել մինչ այժմ անհայտ վայրում՝ արտաքսումից խուսափելու համար: Դրանից ժամեր առաջ Ամստերդամի բարձրագույն դատարանը մերժել էր կեցության օրինական իրավունք ստանալու՝ անչափահասների դիմումը: Բարձրագույն ատյանը վճռել էր, որ նրանք պետք է Հայաստան վերադարձվեն՝ միանալու մորը, որն անցած տարի էր արտաքսվել:

«Վերջին զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ երեխաների բարեկեցությունը և անվտանգությունն այլևս երաշխավորված չեն», - այսօր հայտարարել է Արդարադատության և անվտանգության նախարարությունը՝ հավելելով․ - «Հաշվի առնելով առկա փաստերը՝ պետքարտուղարությունը որոշել է, որ նրանք կարող են մնալ Նիդերլանդներում»:

«Միգրացիայի հարցով նախարար Մարկ Հարբերսը հարցը մանրազնին քննելուց հետո որոշեց, որ երեխաները կարող են մնալ երկրում», - նշել է Արդարադատության նախարարությունը՝ France-Presse-ին ուղարկված նամակում հավելելով, որ համապատասխան կառույցներն այժմ փորձում են պարզել՝ որտեղ են երեխաները և արդյոք անվտանգ են:

Առայժմ հստակ չէ՝ արդյոք Նիդերլանդների կառավարությունը պատրա՞ստ է օրինական կեցության իրավունք տալ նաև երեխաների մորը, ով մեկ տարի է՝ բնակվում է Հայաստանում:

Պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում, իրավապաշտպան տասնյակ կազմակերպություններ քննադատել էին անչափահասներին արտաքսելու որոշումը, պնդելով, թե նրանք Ռուսաստանից են տեղափոխվել Նիդերլանդներ, հայերեն չգիտեն և խնդիրներ կունենան ինտեգրման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG