Ռուսական ուժերն ու սիրիական բանակը լայնամասշտաբ ավիահարվածներ են հասցրել Իդլիբ նահանգին, որը Սիրիայում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին տարածքներից է:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռները մի քանի տասնյակ ռումբեր են նետել, մահացել է առնվազն չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով դիտորդական կազմակերպություններին:
Ըստ լրատվամիջոցների, սա ամենահզոր օդային հարձակումն է վերջին մեկ ամսվա ընթացքում, որն իրագործվում է սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահների միջև երեկ Թեհրանում կայացած բանակցություններից հետո:
Արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ Մոսկվան ու Դամասկոսը կարող են Իդլիբում քիմիական զենք կիրառել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե ահաբեկիչներն են մտադիր սադրանքների դիմել՝ քիմիական զենք կիրառելով խաղաղ բնակչության դեմ: