Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հայտնում է, որ իրեն ՀՔԾ-ում մեղադրանք են առաջադրել՝ ոչ «Մարտի 1»-ի գործով


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) իրեն մեղադրանք են առաջադրել մի քրեական գործով և երկրից չհեռանալու մասին ստորագրություն վերցրել:

«Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը: Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները», - Ֆեյսբուքում գրում է Աբրահամյանը:

«Սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին», - հայտնում է նախկին վարչապետը, պնդելով, որ իրեն «ակնհայտ կեղծ» մեղադրանք է առաջադրվել՝ «նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն»:

Այս պահին նպատակահարմար չհամարելով ավելին ասել և խոստանալով մանրամասներ ներկայացնել հետագայում՝ Հովիկ Աբրահամյանը գրում է․- «Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»:

Հատուկ քննչական ծառայությունը նախկին վարչապետի նշած «մեկ այլ քրեական գործի» վերաբերյալ դեռևս չի հաղորդել:

Մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել էին, ապա վերջինս կալանավորվել է՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:

Օգոստոսի վերջին էլ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ հանքարդյունաբերության ոլորտի «Ավազահատիկ» ընկերության տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, ինչպես նաև Ալիկ Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր են ձեռք բերվել: Գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ առնչվում է նախկին պաշտոնյաների:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG