Մատչելիության հղումներ

«20 տարի խմելու ջրից էինք զրկված, հիմա էլ՝ լողանալու»․ Թլիկի բնակիչներ


«Ջուր չունենք: Խնդրում եմ՝ ջո՜ւր»․ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչների միակ խնդրանքը սա է: 90 տնտեսություն ունեցող եզդիաբնակ գյուղում խմելու ջուրը կենցաղային լուրջ ծախսերից է: 20 տարի է՝ ջուրը գնում են: Սա քիչ էր՝ գարնանից էլ զրկվել են կենցաղային օգտագործման ջրից:

Ստեղծված իրավիճակը գյուղացիներին ստիպել է վճռական քայլերի դիմել․ կանանցով ու երեխաներով փակել էին Արմավիր-Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հարցին վերջնական լուծում տալ:

Պատմեցին, որ կենցաղային օգտագործման, անասունների ջուրը մինչ գարուն Ախուրյան գետից պոմպով են գյուղ բարձրացրել, ջրամբարում կուտակել և օգտագործել, սակայն պոմպը մայիսին այրվել է: Գյուղապետարանի գնած նոր պոմպը չեն կարող գործի դնել, հզոր է, հոսանքը չի բավարարում: Հայաստանի էլեկտրական ցանցերից տեղեկացրել են, որ նոր էլեկտրական կայան է հարկավոր, որն էլ հնարավոր կլինի ապահովել 3 ամիս անց: Ամառվա տապին անջուր անցկացրած գյուղացիներին այս պատասխանը համբերությունից հանել էր:

Չորս ամիս է՝ հարևան Գետափ գյուղից էշով, սայլով, մեքենայով են ջուր բերել, երեխաներին տաս օրը մեկ լողացրել, մեկ բաժակ ավել ջուրը ափսոսացել են խմել:

Ճանապարհը փակելուց հետո կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները մեկ ժամից տեղ հասան, գյուղացիներին հորդորեցին ճանապարհը բացել և կառուցողական մթնոլորտում հարցը քննարկել: Կանայք, երեխաներն ու տղամարդիկ քննարկումը տեղափոխեցին կիսափուլ գյուղապետարան, որտեղ միակ ճոխությունը գյուղապետի կաշվե աթոռն էր:

Հարց ու պատասխանը գյուղի օգտին հանգուցալուծվեց: 20 տարվա վաղեմության խնդիրը, պարզվեց, 7 միլիոն դրամի պատմություն է: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ 7-8 ամսում լուծելու հարց է: - «Փորձելու ենք կարճ ժամանակում ապահովել գյուղին և՛ խմելու, և՛ կենցաղային, և՛ ոռոգելու ջրով», - խոստացավ պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG