Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում կոնգրեսականներին սուր հարցեր ուղղել Իրլի Լիտցենբերգերին


Ըրլ Լիցենբերգեր, արխիվ
Ըրլ Լիցենբերգեր, արխիվ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում կոնգրեսականներին մանրազնին քննել և սուր հարցեր ուղղել նախագահ Թրամփի կողմից Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուին:

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, թե Դոնալդ Թրամփը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակել Իրլի Լիտցենբերգերին, ով դիվանագիտական հարուստ փորձ ունի և այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում պետդեպարտամենտում։

Մինչ պաշտոնում հաստատվելը, Լիտցենբերգերը պիտի հավանության արժանանա Սենատում, որտեղ սպասվում են լսումներ, բանավոր ու գրավոր հարցեր: Տարիներ առաջ, օրինակ, այդ հարցուպատասխանից հետո սենատորները երկու անգամ մերժել էին նախագահ Օբամայի կողմից Ադրբեջանում դեսպան առաջադրված Մեթյու Բրայզայի թեկնածությունը՝ մտահոգություն հայտնելով, թե նա կողմնակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարցում: Հիմա՝ նոր դեսպանի հարցով սպասվող լսումներից առաջ, Հայ դատի հանձնախումբը հորդորում է ամերիկահայերին փոխանցել իրենց մտահոգող հարցերը սենատորներին և պահանջել, որ դրանք տրվեն Իրլի Լիտցենբերգերին:

«Այսօր, ավելի քան երբևէ, հրատապ է ճշգրտել Ալիևի վարչակազմի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների բնույթն ու շրջանակը», - հայտարարել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հիշեցնելով Ալիևի վարչակազմի կողմից հայերի նկատմամբ շարունակվող ագրեսիան, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներն ու ամերիկյան քաղաքական էլիտային մոլորեցնելու ուղղությամբ ծախսվող շռայլ միջոցները:

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի շուրջ լսումներից առաջ Հայ դատի հանձնախումբը նաև մեկ այլ խնդիր է բարձրաձայնում՝ արդյոք անցած տարի հայ զինվորների ուղղությամբ գործադրված իսրայելական անօդաչու սարքի արտադրության ժամանակ չեն օգտագործվել ամերիկյան տեխնոլոգիաներ ու դետալներ:

Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Թինա Քեյդենաուին հղած նամակում հանձնախումբը հիշեցնում է, որ Իսրայելի դատախազությունը պատրաստվում է պաշտոնական մեղադրանք առաջադրել մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defence Systems ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ըստ տեղական մամուլի, անցած տարի հավանություն էին տվել Ադրբեջանի պահանջներին ու սեփական արտադրության անօդաչու սարքի կարողությունները ցույց տալու համար դրանք գործածել հայ զինվորների դեմ: Ըստ հայկական կողմի, հարձակման հետևանքով երկու զինվոր էր վիրավորվել: Խորը մտահոգություն հայտնելով, որ Aeronautics Defense Systems ընկերության անօդաչու թռչող սարքերը և պաշտպանական մյուս համակարգերը, որոնք Ադրբեջանը գործածում է Արցախի և Հայաստանի դեմ, կարող են պարունակել ամերիկյան տեխնոլոգիաներ, Հայ դատի հանձնախումբը ընդգծում է՝ դա հակասում է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու, պատերազմի վերսկսումը զսպելու և սպառազինությունների մրցավազքը կանխելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին: «Ամերիկյան այդ տեխնոլոգիաներն ու զինատեսակները Ադրբեջանը կարող է փոխանցել երրորդ կողմի, ասենք՝ Ռուսաստանին, Իրանին կամ խնդրահարույց որևէ այլ երկրի», - հայտարարում է Հայ դատի հանձնախումբն ու հորդորում պետքարտուղարությանը մանրազնին հետաքննություն անցկացնել այս հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG