Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարներն այսօր Թեհրանում կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը


Անկարա, 4-ը ապրիլի, 2018 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնում է Իրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններին: Նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր իսկ սկսելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելուն միտված քննարկումները:

Կրեմլի տարածած մամլո հաղորդագրության համաձայն, կողմերը նախատեսում են, մասնավորապես, քննարկել հումանիտար իրադրությունը մեղմելուն ուղղված գործողությունները, որոնք իրենց մեջ ներառում են փախստականների վերադարձի կազմակերպման հետ կապված հարցեր: Ներկայումս սիրիացի փախստականնների մեծ ճամբարներ կան մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում:

Մոսկվան մտադիր է Սիրիայում իրագործվելիք հումանիտար ծարգրերում ներառել հնարավորինս շատ երկրներ, և սա այսօրվա եռակողմ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից է: Արդյո՞ք Թուրքիան կմիանա Մոսկվայի հումանիտար ծրագրին, իսկ միանալու դեպքում՝ ի՞նչ ձևաչափով, հարցեր են հնչեցնում դիտորդները:

Անկարան, Մոսկվան և Թեհրանը ներգրավված են, այսպես կոչված, Աստանայի գործընթացի մեջ, և սա այս ձևաչափով երրորդ գագաթնաժողովն է․ առաջինը կայացավ անցած տարվա նոյեմբերին Սոչիում, երկրորդ անգամ երեք նախագահները սիրիական օրակարգով հանդիպեցին անցած ապրիլին Անկարայում:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, Պուտինն այսօր Իրանի և Թուրքիայի նախագահների հետ նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

Երեկ Ռուսաստանի պահանջով սիրիական Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նախօրերին հայտարարել է՝ պատահական չէ, որ Լոնդոնը Սկրիպալների գործով նոր տեղեկություններ տարածեց հենց այս օրերին, երբ, Մոսկվայի պնդմամբ՝ սիրիական Իդլիբում «ինչ-որ սադրանք են ցանկանում կազմակերպել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG