Մատչելիության հղումներ

Մոսկվան և Երևանը «դիրքերի ճշգրտման», հարաբերությունների վերաձևակերպման փուլում են. վերլուծաբաններ


Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, արխիվ

Վաղը նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ հայաստանյան վերլուծաբանների գնահատում են՝ Մոսկվան ու Երևանն այժմ «դիրքերի ճշգրտման», հարաբերությունների վերաձևակերպման փուլում են:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ճի՛շտ է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս փարատել է կասկածները, որ Երևանը մտադիր է փոխել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը, սակայն, միևնույն ժամանակ, հստակ նշել է, որ այլևս չեն կարող լինել «ավագ ու կրտսեր եղբայրների» հարաբերություններ:

«Այժմ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները բխեն երկու կողմերի ազգային շահերից, այն չլինի միակողմանի երթևեկություն, այն չլինի, այսպես ասած, կարիքավոր ազգականի և ազդեցիկ հարազատի հարաբերություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Ստեփան Սաֆարյան, արխիվ
Ստեփան Սաֆարյան, արխիվ

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մայիսին Սոչիում և հունիսին՝ Մոսկվայում: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները երեք անգամ խոսել են հեռախոսով:

Քաղաքագետ Միքայել Զոլյանի կարծիքով, կողմերը դեռ չեն ավարտել նոր փոխհարաբերությունների հստակեցման գործընթացը:

«Այսինքն՝ գոյություն ուներ որոշակի մոդել հայ-ռուսական հարաբերությունների նախկին իշխանությունների օրոք, որը հիմա պարզ է, որ այլևս աշխատել չի կարող և այդ մոդելը, ես կասեի, մի քիչ ֆեոդալական մոդել էր, որովհետև Հայաստանը հայտնվել էր կիսանկախ պետության կարգավիճակում, որի մասին այժմ կարելի է մոռանալ, բնականաբար, վերադարձ դրան չի լինելու», - ասաց քաղաքագետը։

Միքայել Զոլյան
Միքայել Զոլյան

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին հետաքննել 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, ու սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այդ արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը գլխավորած Միքայել Հարությունյանին, նրա տեղակալ, ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Կրեմլը սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ: Օրինակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ մոտ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակավ անդրադարձավ հայաստանյան ներքին զարգացումներին: Հուլիսի 31-ին հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

Սերգեյ Լավրով, արխիվ
Սերգեյ Լավրով, արխիվ

Իսկ սեպտեմբերի 3-ին՝ Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ МГИМО-ում ունեցած ելույթում, Լավրովը հայտարարեց․ - «Իհարկե, մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին»:

«Այս առումով իհարկե քննարկման առարկա լինելու է ՀԱՊԿ-ի խնդիրը։ Լավրովը հստակ դրա մասին, կարծեք թե, բարձրաձայնել է։ Ակնհայտորեն ռուսական կողմը Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանում է որպես ՀԱՊԿ-ի հեղինակության հետ խաղացող ինչ-որ մի գործոն։ Հայկական կողմի խնդիրն է լինելու բացատրել, որ դա այդպես չէ, և ուղղակի երկու կողմերը լուծումներ գտնեն՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ», - ասաց Սաֆարյանը։

Ըստ Միքայել Զոլյանի, հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների վրա դրական ազդեցություն կունենան հայաստանյան ընտրությունները, երբ բոլորի համար ակնհայտ կդառնա, թե որ ուժն է վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը:

«Այս՝ մի քիչ հեղհեղուկ վիճակը դեռևս բավականին երկար կպահպանվի, ինձ թվում է, որ դա նաև Հայաստանի ներքին քաղաքականության իրադրության հետ է կապված։ Երբ որ մենք ունենանք, օրինակ, Երևանի քաղաքային ընտրությունները և հետո, երբ որ լինեն համապետական ընտրությունները, արդեն ներքին քաղաքական վիճակը կգա որոշակի կայունության, և նաև դրա հետ կապված կարծում եմ նաև Ռուսաստանը վերջապես կհասկանա, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում, թե որ ուժերն են վայելում ժողովրդի վստահությունը և որ ուժերի հետ պետք է աշխատել, և արդեն դրանից հետո կարծում եմ, որ ամեն ինչ աստիճանաբար իր հունի մեջ կընկնի», - ասաց Զոլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG