Մատչելիության հղումներ

Էրդողանը հաջորդ շաբաթ ոչ պաշտոնական այցով կժամանի Բաքու


Հաջորդ շաբաթ ոչ պաշտոնական այցով Բաքու կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցներն, Էրդողանի այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային հարցերը քննարկելն է։

Թուրքիայի առաջնորդը, հիշեցնենք, Ադրբեջանում էր այս տարվա հուլիսին՝ նախագահի պաշտոնը վերստանձնելուց անմիջապես հետո։

Վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ Բաքու այցելությունից առաջ, Էրդողանն անդրադարձել էր ղարաբաղյան հարցին՝ թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում կոչ անելով՝ աջակցել Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում:

«Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, պետք է գտնել այդ խնդրի արդարացի լուծում: Կարծում եմ, որ մենք պետք է համերաշխություն հայտնենք Ադրբեջանին ու աջակցենք», - օրեր առաջ հայտարարել էր Էրդողանը:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, նախագահ Էրդողանն իր մեկօրյա այցի շրջանակներում Բաքվում մասնակցելու է հեծելազորի շքերթին՝ նվիրված թուրքական կովկասյան բանակին, մասնավորապես, 1918 թվականի, այսպես կոչված, Բաքվի ազատագրմանը «բոլշևիկներից և դաշնակներից»:

Հիշեցնենք՝ 100 տարի առաջ սեպտեմբերյան այդ օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած՝ օսմանյան և ադրբեջանական զորքերի մասնակցությամբ։ Տարբեր տվյալներով՝ այդ օրերին մահացել է 9 հազարից 30 հազար մարդ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, համապետական այդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ Բաքվի Ազադլըղ հրապարակում։ Հաղորդվում է, որ միջոցառման գլխավոր մասնակիցները Ադրբեջանի սահմանապահ ծառայության հեծելազորի ստորաբաժանումներն են, որոնք 100-ամյա վաղեմության թուրքական և ադրբեջանական համազգեստներով կանցնեն մայրաքաղաքի փողոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG