Մատչելիության հղումներ

Պատգամավորները՝ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին


Արխիվ

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

«Շատ հարցեր են կուտակվել երկու կողմում էլ, հետևապես՝ մենք ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համատեղ աշխատանքին»,- ասել է Ուշակովը ։

Սա արդեն Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը կլինի մայիսից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսին Սոչիում՝ ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Երկրորդ անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին հունիսին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Այս ընթացքում Պուտինը և Փաշինյանը նաև երեք հեռախոսազրույց են ունեցել:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատում է՝ երկու օրից կայանալիք հանդիպումը, փաստորեն, Փաշինյանի և Պուտինի առաջին լիարժեք հանդիպումն է լիենլու, որը կապված չէ այլ իրադարձության հետ: Ռուստամյանի խոսքով՝ վերջերս Մոսկվայից հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, թե հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրներ են ծագել, որոնք պետք է հարթել:

«Այս հանդիպումից մենք շատ մեծ ակնկալիք ունենք, որ հարթվեն բոլոր նման խնդիրները: Որ դրանք գոյություն ունեն, դա արդեն մտահոգիչ է, և կարծում եմ, որ հանդիպումները հենց նրա համար են, որ այդպիսի հարցերը վերջնականապես պարզաբանվեն ու լուծում ստանան: Հայաստանը միշտ իր արտաքին քաղաքականության մեջ աչքի է ընկել նրանով, որ նույն բանն է ասել թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում»,- ասաց Ռուստամյանը:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, ասում է, որ երկու երկրների հարաբերություններում այժմ «միմյանց ուսումնասիերելու փուլն է», և լարվածություն չկա: «Որևէ անհանգստանալու բան չկա, երկու երկրների հարաբերությունները լավ մակարդակում են, և մենք անելու ենք ամեն ինչ, որ դրանք ավելի բարելավվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանն էլ ասում է, թե բազմիցս են մտահոգությունն հայտնել Փաշինյանի վարչապետության օրոք հայ-ռուսական հարաբերություններում առաջ եկած խնդիրների առնչությամբ: «Շատ հուսով եմ, որպես պատգամավոր, որ մեր իշխանությունների բոլոր գործողություները կբխեն բացառապես ՀՀ ազգային պետական շահերից, երկարատև շահերից, և նախկին փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ կլինեն»,- ասաց Ֆարմանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG