Մատչելիության հղումներ

Կառավարությունը հետաձգեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ սահմանելու առաջարկի ընդունումը


Մանե Թանդիլյան, արխիվ

Կառավարությունը հետաձգեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկը՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 150 հազար դրամ, նախկին 50 հազար դրամի փոխարեն։

Թանդիլյանն իր զեկույցում նշեց, որ փոփոխությունով, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա երեք անգամ։

Նա նաև վկայակոչելով վիճակագրությունը նշեց՝ 2014-ին երկրորդ երեխա ունեցողների թիվը կազմում էր 16 հազար 51, 2015-ին՝ 15 հազար 850, 2016-ին՝ 15 հազար 32։

«Ակնհայտորեն նվազող տենդենց ունենք։ 2018 թվականի երկրորդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը նախատեսվել է 7 հազար 500, որն, ըստ էության, ցույց է տալիս, որ այն նվազում է։ Հույս ունենք, որ այս առաջարկությունը որոշակի փոփոխություն կբերի մեր ժողովրդագրությանը։ Այս փոփոխությամբ ուզում ենք նաև հստակ հաղորդագրություն հղել մեր հասարակությանը և ճանաչել այն իրավիճակը, որ երկրորդ երեխայի ծնունդն իրականում ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար։ Այս պահին այդ իրավիճակը մեր երկրում բարվոք չէ, և տենդենցը ցույց է տալիս, որ անհանգստանալու տեղիք կա։ Ուզում եմ կոչ անել մեր ընտանիքներին երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել պատասխանատու», - ասաց Թանդիլյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ իսկապես ծնունդների անկման տենդենց կա, և հույս հայտնեց, որ այս որոշումը կխթանի երկրորդ երեխայի ծնունդը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց զույգ երեխաների ծնվելու պարագայում երկրորդ և երրորդ երեխայի գումարը կրկնապատկել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց հետաձգել նախագծի ընդունում՝ այս առաջարկը ևս ուսումնասիրելու համար։

Կառավարությունն այս նախագիծը կքննարկի հաջորդ նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG