Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը ներկայացել է նախաքննական մարմին


Լյովա Սարգսյան, Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման համար և գտնվում էր հետախուզման մեջ, ներկայացել է նախաքննական մարմին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Լյովա Սարգսյանը և Անի Սարգսյանը կասկածվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ:

Հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)​ քրեական գործ էր հարուցել վերը նշված հոդվածներով: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, «Լյովա Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: Սակայն նա, ինչպես նաև նրա դուստրը, 2017-ի հաշվետու ժամանակաշրջանի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են»:

Սերժ Սարգսյանի եղբոր և նրա զավակների համար իբրև խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG