Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ, հինգ տարի անազատության մեջ անցկացնելուց հետո շաբաթներ առաջ ազատ արձակված Իլգար Մամեդովը պայքարի նոր փուլ է սկսում և պատրաստվում է հաջորդ նախագահական ու խորհդարանական ընտրություններին: Այս մասին Մամեդովը հայտարարել է այսօր՝ բանտից դուրս գալուց հետո հրավիրված առաջին մամլո ասուլիսում:
«Ինձ կալանավորելու առաջնային պատճառն իմ քաղաքական հավակնություններն էին: Ինձ ազատազրկեցին, որպեսզի թույլ չտան մասնակցել նախագահական ընտրություններին ու հեռացնեն քաղաքականությունից: Բանտախցում ինձ բազմիցս են առաջարկել հրաժարվել քաղաքական պայքարից՝ ազատության դիմաց, ես , բնականաբար, մերժել եմ այդ գործարքները»,- հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը:
Մամեդովն ազատազրկվել էր 2013 թ․ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել գործող նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իշխանությունները նրան մեղադրել էին Բաքվից քիչ հեռու գտնվող Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ու դատապարտել 7 տարվա ազատազրկման: Միջազգային իրավապաշտպան կառույցները Մամեդովի կալանքը որակել էին անհիմն ու անհամաչափ, Եվրոպական դատարանը ևս փաստել էր, որ նա կալանավորվել է քաղաքական դրապատճառներով՝ պահանջելով ազատ արձակել վերջինիս՝ առանց նախապայմանների ու անհապաղ:
Ալիևի վարչակազմը, սակայն, տարիներ շարունակ անտեսում էր ստրասբուրգյան դատարանի որոշումը և միայն անցած ամիս ազատ արձակեց ընդդիմադիր գործչին: Հիմա Մամեդովը պնդում է՝ հասնելու է արդարացման ու դատական հայցեր է ներկայացնելու իր ազատարզկմանը մեղսակից բոլոր 19 դատավորների դեմ: «Մենք այս ասուլիսով փակում ենք կալանավորման էջը, այսուհետ ես այդ հարցը կքննարկեմ իրավապաշտպանների ու իրավաբանների հետ: Այժմ մեր հիմնական խնդիրն է դառնում քաղաքական պայքարը: REAL-ը իրական այլընտրանք է գործող իշխանություններին, և մենք պատրաստ ենք ստանձնել երկրի կառավարումը»,- այսօր հայտարարել է Իլգար Մամեդովը:
Խոսելով քաղաքական պայքարը ակտիվացնելու մտադրության մասին, նա նաև պնդել է՝ քանի դեռ Ադրբեջանում չկա քաղաքական այլընտրանք, մրցակցություն ու խոսքի ազատություն, երկիրը չի կարող զարգանալ: «Վերջին տարիներին մի շարք ցուցանիշներով՝ տնտեսական աճով, ներդրումների ծավալով ու արտաքին պարտքով Ադրբեջանը սկսել է զիջել Հայաստանին ու Վրաստանին»,- հայտարարել է Մամեդովը, շարունակելով՝ երկրում տնտեսական իրավիճակը վատթարանում է ոչ թե նավթի գնանկման պատճառով, ինչպես իշխանություններն են պնդում, այլ մրցակցության պակասի ու շարունակական բռնաճնշումների:
«Քանի դեռ Ադրբեջանում հիմնարար ազատություններն ու իրավունքները երաշխավորված չեն, քանի դեռ չկան այլընտրանքային տեսակետներ, չի կարող լինել առաջընթաց: Լրագրողների ու ակտիվիստների ազատազրկումը, ինչպես տեսանք, չբերեց բարգավաճման ու կյանքի որակի բարելավման: Իրականում մեզ անհրաժետ են տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, մրցակցային միջավայր, ազատ ընտրություններ ու արդար դատական համակարգ»,- այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը: Թե պայքարի ինչ միջոցներ է ընտրելու, Մամեդովը չի բացահայտել, բայց խոստացել է՝ իրենց քայլերը կլինեն «դիպուկ ու արդյունավետ»:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում հնչած առաջին հարցերից մեկը վերաբերել է ԼՂ խնդրին: Սրա հետ կապված էլ Մամեդովը հնչեցրել է գործող իշխանությունների տեսակետներից արմատապես տարբերվող կարծիք: «Մենք պետք է այնպես անենք, որ ղարաբաղցիներն իրե՛նք ուզենան ապրել Ադրբեջանի տարածքում»,- ասել է Իլգար Մամեդովն ու շարունակել․
«Մենք պետք է հաջողակ լինենք և՛ տնտեսական դաշտում, և՛ ժողովրդավարության: Եթե հիշում եք՝ 1923 թվականին կոմունիստական կուսակցության ժողովում Հայաստանի ներկայացուցիչները հայտարարում էին, թե անգամ ծառերն են Ղարաբաղում թեքվում դեպի Բաքու: Եթե մենք վերջին 25 տարիներին կարողանայինք զարգացնել մեր տնտեսությունը, մեր քաղաքականությունը տանեինք ճիշտ ճանապարհով և միջազգային հանրության կողմից ճանաչվեինք որպես երկիր, որը պաշտպանում է մարդու հիմնարար իրավունքները, վստահ եմ՝ Ղարաբաղում ապրող հայերը վաղուց արդեն կթեքվեին դեպի Ադրբեջանը: Դա, սակայն, տեղի չունեցավ, և այժմ Ղարաբաղի խնդիրը լուծելու համար մենք առաջին հերթին պետք է փոխենք Ադրբեջանը և այն դարձնենք գայթակղիչ՝ Ղարաբաղում ապրող հայերի համար»:
Մեծ քաղաքականություն վերադառնալու մասին Մամեդովի այս հայտարարություններին զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչամեքենան վերսկսել է նրա դեմ արշավը: Կառավարության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները նրա ասուլիսն ընդհանրապես չեն լուսաբանել․ փոխարենը՝ առցանց լրտվամիջոցներում նրան վարկաբեկող հոդվածներ են հրապարակել, որոնցում պնդվում է, թե Մամեդովն «արդարացնում է սեպարատիզմը»: