Մատչելիության հղումներ

34 կազմակերպություններ պահանջում են ԿԸՀ-ի և ՀՌՀ-ի ղեկավարների հրաժարականը


Քվեարկություն երևանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Ավելի քան 3 տասնյակ հասարակական կազմակերպություններ հայտարարում են՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարները հրաժարական ներկայացնեն, որպեսզի բարձրանա ընտրությունների հանդեպ հանրային վստահության մակարդակը։

«Կարծում ենք, որ առնվազն ղեկավարի մակարդակով ԿԸՀ-ում և ՀՌՀ-ում փոփոխություն պետք է լինի: Այն ասոցիացիաները, որոնք կային, այն վատ պատմությունները, որ կան այդ կառույցների հետ կապված, շատ հաճախ անձնավորվում են ղեկավարների մակարդակով: Փոփոխությունը պետք է, որ ընտրությունները չստվերվեն»,- «Ազատությանն» ասաց համատեղ հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներից՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Վերջին 1 տասնամյակում Հայաստանի բազմաթիվ ընտրություններ դիտարկած այս կազմակերպության տնօրենը նշում է՝ Հայաստանում ընտրական ինստիտուտի վարկաբեկումն ու գրեթե ամբողջությամբ արժեզրկումը տարիների ընթացքում իրականացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների հետևանքով․ խոսքն ինչպես հանցավոր քայլերի, այնպես էլ հանցավոր անգործության մասին է։

Հայտարարության տակ ստորագրած՝ քաղհասարակությունը ներկայացնող 34 կազմարեկությունները գրում են, թե հավանական են համարում, որ նոր իրավիճակում, հեղափոխությունից հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու ՀՌՀ-ն, այնուամենայնիվ, իրականցնեն օրենքով իրենց վերապահված գործառույթները, սակայն անհնար է մոռանալ նրանց նախկին գործելաոճը, հետևաբար վարկաբեկված պաշտոնյաները պետք է հեռանան, նշում են ՀԿ-ները։

«Ունենք բազմաթիվ տվյալներ, որ այդ ընտրությունների արդյունքներն ի վերջո կեղծվել են, դրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն: Եվ եթե նախկին իշխանությունների օրոք օրինաչափ էր, որ իրենք պատասխանատվություն չէին կրում, բայց հիմա իրենք դրա համար պետք է պատասխանատվություն կրեն»,- ասում է Սոնա Այվազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG