Մատչելիության հղումներ

Թրամփը Սիրիայի նախագահին կոչ է անում զերծ մնալ Իդլիբի ուղղությամբ հարձակումից


Սիրիա - Ապստամբ զինյալներ Իդլիբ նահանգում, օգոստոս, 2018թ․
Սիրիա - Ապստամբ զինյալներ Իդլիբ նահանգում, օգոստոս, 2018թ․

Միացյալ Նահանգների ղեկավարությունը կոչ է անում Սիրիայի իշխանություններին զերծ մնալ Իդլիբի ուղղությամբ լայնածավալ հարձակումից: Անցած գիշեր Twitter-ի իր էջում նման բովանդակության գրառում է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չպետք է անխոհեմ հարձակում ձեռնարկի Իդլիբ նահանգի ուղղությամբ: Ռուսներն ու իրանցիները ճակատագրական սխալ գործած կլինեն, եթե մասնակցեն այդ հավանական մարդկային ողբերգությանը: Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զոհվել: Մի թույլ տվեք նման բան», - գրել է Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները զգուշացրել էին պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչներին, որ Իդլիբի դեմ հարձակումը հանգեցնելու է ամերիկյան լայնածավալ օդային գործողության, որի թիրախում կարող են հայտնվել Սիրիայի կառավարական բանակի բոլոր հիմնական ռազմաբազաները:

Իդլիբը արդեն յոթ տարի շարունակվող սիրիական քաղաքացիական պատերազմի այս փուլում առանցքային նշանակություն ունի: Այս նահանգը վերջին խոշոր տարածաշրջանն է, որ գտնվում է զինված ընդդիմության հսկողության ներքո: Սիրիայի հյուսիսում գտնվող այս նահանգում այժմ մոտ երեք միլիոն մարդ է բնակվում, որոնց գրեթե կեսը փախստականներ են: Այդ մարդիկ Իդլիբ են տեղափոխվել Սիրիայի մյուս շրջաններից` Ասադի կառավարության հնարավոր հալածանքներից խուսափելու համար: Իդլիբի գրավումը կառավարական զորքերի կողմից կարող է քաղաքացիական պատերազմի խորհրդանշական ավարտն ազդարարել: Դա է թերևս պատճառը, որ Ասադի հիմնական դաշնակիցները` Ռուսաստանն ու Իրանը, որևէ կերպ չեն արձագանքում արևմուտքից հնչող զգուշացումներին: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, օրինակ, երեկ երեկոյան, ժամանելով Դամասկոս, հայտարարեց, որ Իդլիբը «անպայմանորեն պետք է զտվի ահաբեկիչներից»:

«Գնահատելով ծայրահեղականների և ահաբեկիչների դեմ պայքարում տարած փայլուն հաղթանակները, այժմ շատ կարևոր է Սիրիայի վերականգնման մեկնարկի մասին մտածելը: Հարկավոր է վերջ տալ վեճերին, լուծել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրները և զարկ տալ փախստականների վերադարձի գործընթացին՝ մի գործընթաց, որն արդեն իսկ մեկնարկել է», - նշում էր Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Դամասկոս իր այցելության հիմնական նպատակը սեպտեմբերին 7-ին նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ Սիրիայի իշխանությունների հետ իրադրության շուրջ քննարկումներ ծավալելն է: Հաջորդ ուրբաթ Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Իդլիբի հետագա ճակատագիրը քննարկելու համար:

«Ուրբաթ օրը Թեհրանում, Աստանայի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կազմակերպվող հանդիպման հետ կապված՝ կարող եմ նշել, որ մենք քննարկելու ենք Սիրիայի վերականգնման հեռանկարները, ինչպես նաև Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկչական ու ծայրահեղական ուժերի, մանավորաբար՝ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման մնացորդներին դիմակայելու հարցը», - նշում էր Զարիֆը:

Դատելով արևմտյան աղբյուրների տեղեկություններից՝ ռուսական կողմը ևս ակնհայտորեն նախապատրաստվում է Իդլիբում մեկնարկելիք գործողությանը: Օգոստոսի վերջից Սիրիայի ափերի մոտ է կուտակվել Միջերկրական ծովում վերջին շրջանում երբևէ գործած ամենախոշոր ռազմածովային խմբավորումը: Դրա կազմում են, մասնավորաբար, «Ծովակալ Գրիգորովիչ» և «Ծովակալ Էսսեն» արագընթաց հածանավերը, «Նիկոլայ Ֆիլչենկով» դեսանտային նավը`ընդհանուր առմամբ 10 ռազմանավ: Վաշինգտոնից հնչող զգուշացումները Մոսկվայում ևս անտեսում են:

«Միանշանակ է, որ [Իդլիբում գտնվող ահաբեկիչների] հարցը հարկավոր է լուծել, և մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի զինված ուժերը պատրաստվում են լուծել այդ խնդիրը», - այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով նաև Դոնալդ Թրամփի հնչեցրած հայտարարությանը: «Պարզապես նախազգուշացումներով հանդես գալ՝ առանց հաշվի առնելու Իդլիբում կուտակված բացասական և վտանգավոր ներուժը, որն ազդում է ողջ Սիրիայում ստեղծված իրադրության վրա, թերևս այնքան էլ համապարփակ մոտեցում չէ», - նշում էր Պեսկովը:

Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր կեսօրին Հմեյմիմ ռազմաբազայում տեղակայված ռուսական օդանավերը ավելի քան 20 օդային հարվածներ են հասցրել Իդլիբ նահանգի մի շարք բնակավայրերի, ինչպես նաև ընդդիմության ջոկատների տեղակայման շրջանների ուղղությամբ: «Դա ռուսական օդուժի առաջին հարվածն է Իդլիբի ուղղությամբ 22 օր տևած դադարից հետո», - տեղեկացնում է Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»:

Պաշտոնական Անկարան ևս նախապատրաստվում է Իդլիբում սպասվող լարվածության աճին: Hurriyet-ի տեղեկություններով՝ անցած գիշեր Սիրիայի հետ սահմանի երկայնքով M-60 տեսակի տանկերի նոր խմբաքանակ է տեղակայվել, բացի այդ՝ ընդլայնվել է «Աթմեհ» փախստականների ճամբարը` նոր տեղահանվածների գրեթե անխփուսափելի թվացող հոսքը կարգավորելու նպատակով: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Իդլիբում հարձակման դեպքում Թուրքիայի տարածք կարող է անցնել ընդհուպ մինչև 2․5 միլիոն փախստական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG