Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը սկսում է սահմանադրական փոփոխությունների քննարկումը


Ուկրաինայի խորհրդարանի շենքը Կիևում
Ուկրաինայի խորհրդարանի շենքը Կիևում

Ուկրաինայի խորհրդարանն այսօրվանից սկսում է քննարկել նախագահ Պետրո Պորոշենկոյի ներկայացրած սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում են մայր օրենքում ամրագրել՝ Ուկրաինան իր ապագան տեսնում է եվրոատլանտյան կառույցներում և այսուհետ էլ շարժվելու է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:

Պորոշենկոյի նախաձեռնած օրինագծում նշվում է, որ Գերագույն Ռադան, Ուկրաինայի նախագահն ու կառավարությունը պատասխանատվություն են կրում քաղաքական այս ուղեգիծը տանելու և անդամակցության գործընթացն իրագործելու համար:

Ավելի վաղ՝ Ուկրաինայի Սահմանադրության օրվան նվիրված հանդիսավոր ելույթի ժամանակ, Պորոշենկոն պնդել էր՝ Կիևը խզել է բոլոր կապերը Ռուսական կայսրության հետ և երբեք այլևս չի վերադառնալու այդ անցյալին:

«Մենք ձերբազատվում ենք մեզ Ռուսական կայսրության ու Խորհրդային միության հետ կապող բոլոր շղթաներից: Մեր սերնդի գլխավոր խնդիրն է Ուկրաինայի անկախությունը դարձնել անշրջելի, երկիրը՝ հզոր ու ամուր՝ առանց ռուսական ազդեցության տակ վերադառնալու գեթ մեկ հեռանկարի», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Եվրոատլանտյան ինտեգրացիան Սահմանադրությամբ ամրապնդելու բացի, Պորոշենկոն առաջարկում է նաև մայր օրենքից հանել դրույթը, ըստ որի, Ուկրաինայի տարածքում առկա ռազմաբազաները կարող են ժամանակավոր վարձակալությամբ տրվել այլ պետությունների զինված ուժերի՝ միջազգային պայմանագրերին համապատասխան:

Նախագահական նստավայրից պարզաբանել են, որ այս փոփոխությունը վերաբերում է Ղրիմի տարածքում տեղակայված ռուսական Սևծովյան նավատորմին:

«Թերակղզին Ուկրաինայի տարածքն է, և ենք մտադիր չենք այն այլ երկրի տրամադրել»,- հայտարարել է խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն:

Նույն օրը նախագահական նստավայրը նաև հաղորդել է, որ Պետրո Պորոշենկոն մտադիր չէ երկարաձգել դեռ 1997 թվականին Ռուսաստանի հետ կնքված բարեկամության ու համագործակցության համաձայնագիրը։

«Մենք չենք չեղարկում փաստաթուղթը, ընդամենը հրաժարվում ենք այն երկարաձգել», - հայտարարել է Գերագույն Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն, պարզաբանելով՝ պաշտոնական Կիևն իրականում մտադիր է այդ փաստաթղթի հիման վրա դատական հայցեր ներկայացնել Ռուսաստանի դեմ:

«Մենք պատրաստվում ենք բոլոր միջազգային ատյաններում, Հաագայում և մյուս դատարաններում պահանջել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխան տա այդ համաձայնագիրը ոտնահարելու համար», - ասել է Գերագույն Ռադայի փոխխոսնակը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էր հայտարարել, որ Մոսկվայի մեղքով այդ փաստաթուղթը կորցրել է արդիականությունն ու դարձել է անցյալ:

Փաստաթուղթը, որ ուժի մեջ է մինչև այս տարեվերջ, ամրագրում է երկու հարևան պետությունների միջև ռազմավարական գործընկերության սկզբունքները, գործող սահմանների անխախտելիությունը, հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ և երկկողմանի պարտավորությունը՝ չօգտագործել սեփական տարածքը մյուսի անվտանգությանը վնաս հասցնելու համար:

Ղրիմի բռնակցումից հետո Ուկրաինան հայտարարում է, թե Ռուսաստանը կոպտորեն ոտնահարել է բոլոր այս սկզբունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG