Մատչելիության հղումներ

Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում Էրդողանը խոսել է Ղարաբաղի մասին


Թուրքական աշխարհը պետք է հնարավորինն անի ոչ միայն տնտեսական համագործակցությունը խորացնելու, այլև անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար՝ այսօր Ղրղըզստանում՝ Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու այս համատեքստում կոչ արել աջակցել Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

«Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, պետք է գտնել այդ խնդրի արդարացի լուծում: Կարծում եմ, որ մենք պետք է համերաշխություն հայտնենք Ադրբեջանին ու աջակցենք, նույնը նաև Կիպրոսին է վերաբերում», - ասել է Էրդողանը:

Թուրքական խորհուրդը, որին անդամակցում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը ու Ղրղըզստանը, հիմնադրվել է մոտ տասը տարի առաջ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ: Այսօր կազմակերպությանն անդամակցելու ցանկություն է հայտնել նաև Ուզբեկստանը, Հունգարիան էլ ստացել է դիտորդի կարգավիճակ:

«Մեզ միավորում են ոչ միայն միևնույն լեզուն, մշակույթն ու պատմությունը, այլև համատեղ ու անվտանգ հասարակություն ստեղծելու, առկա խնդիրները միասին հաղթահարելու ցանկությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ընդ որում, խոսելով մարտահրավերների մասին, էրդողանը նախ և առաջ կենտրոնացել է Անկարայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վրա, որոնց հետևանքով թուրքական լիրան սրընթաց արժեզրկվում է, գնաճն էլ հասել է 18 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 15 տարվա մեջ: - «Մենք պետք է համատեղենք ջանքերը և ստանանք ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ՝ մեր շահերը պաշտպանելու համար», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: - «Վերջին շրջանում տեսնում ենք՝ ինչպես են միջազգային նորմերը կոպտորեն ոտնահարվում, որոշ երկրները արհամարհում են դիվանագիտությունն ու հարցերը լուծում շանտաժների, սպառնալիքների ճանապարհով: Թյուրքական երկրները պետք է համերշախություն ցուցաբերեն, որպեսզի միջազգային օրենքն աշխատի հանուն համամարդկային բարօրության»:

Միացյալ Նահանգները անցած ամիս Թուրքիայի դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ է սահմանել և սպառնում է առաջիկայում դրանք է՛լ ավելի խստացնել, եթե Անկարան ազատ չարձակի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, ով կալանքի տակ է շուրջ երկու տարի՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքներով:

Ելույթ ունենալով թուրքալեզու երկրների համաժողովում՝ Էրդողանը կրկին մերժել է Վաշինգտոնի պահանջն ու հորդորել դաշնակիցներին հրաժարվել ամերիկյան արժույթից:

«Մենք պետք է ազատվենք դոլարից, առևտուրն անենք մեր ազգային դրամներով ու գտնենք այլընտրանքներ», - հայտարարել է նա:

Էրդողանի այս կոչը, սակայն, արձագանք չի ստացել․ համենայնդեպս, գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում այս մասին որևէ խոսք չկա:

Թյուրքական խորհրդում առայժմ համերաշխություն չկա նաև Թուրքիայի նախագահի համար կարևոր մեկ այլ խնդրի՝ Նահանգներում ապաստանած թուրք հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի շուրջ: Անկարան վերջինիս մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և երկու տարի է՝ ոչ միայն զանգվածաբար ազատազրկում է շարժման հետևորդներին երկրի ներսում, այլև հետևողականորեն փակել է տալիս գյուլենական դպրոցները նաև մահմեդական մյուս երկրներում:

Ղրղըզստանը, սակայն, անցած տարի մերժել էր պահանջը և վերագրանցել դպրոցները՝ այլ անունով: - «Դրանք շատ բարձր մակարդակ ունեցող կրթօջախներ են, որոնց կարիքը մենք ունենք», - հայտարարել էր Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Այսօր ժամանելով Բիշքեք՝ Էրդողանը կրկին նույն հարցն է բարձրացրել՝ անցած տարվա նախագահական ընտրություններով իշխանության եկած Սոորոնբայ Ժեենբեկովի հետ ասուլիսի ժամանակ:

«Գյուլենական համայնքը սպառնալիք է ցանկացած երկրի համար։ Մենք հաղթեցինք հեղաշրջման փորձը, և չենք ցանկանում, որ մեր եղբայրները նույնպես վերապրեն դա։ Գյուլենականները կարող են սողոսկել ներքին գործերի նախարարություն, ռազմական կառույցներ, և այդ սցենարը կարող է նաև Ղրղըզստանում կրկնվել», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ղրղըզ առաջնորդը, սակայն, Էրդողանի այս կոչին չի ընդառաջել, ընդամենը նշել է, որ դպրոցները գործում են կառավարության վերահսկողության ներքո: Ղրղըզստանից բացի նաև հարևան Ղազախստանն է մերժել գյուլենական դպրոցները փակելու՝ Էրդողանի պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG