Մատչելիության հղումներ

Ժամանակակից արվեստի թանգարանում փորձում են «շարունակել Հենրիկ Իգիթյանի ավանդույթը»


Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը տարիներ շարունակ եզակի է եղել իր բնույթով:

Հենրիկ Իգիթյանի կողմից 1972 թվականին հիմնադրված և մոտ երկու տասնամյակ ողջ խորհրդային տարածքում իր տեսակի մեջ միակ այս թանգարանում պահպանվում են մեր լավագույն գեղանկարչների ստեղծագործությունները՝ ծնունդ առած անցյալ դարի 60-ականներից մինչև մեր օրերը:

Թանգարանն արդեն 8 տարի ղեկավարում է Նունե Ավետիսյանը: «Ազատության» հետ զրույցում նա ընդգծեց, որ հիմնադրման օրից թանգարանն աչքի է ընկնում իր վարած որոշակի մշակութային ուղղվածությամբ՝ ներկայացնել մոդեռնը, հայ ժամանակակից կերպարվեստը՝ իր ամենատարբեր ոճական առանձնահատկություններով․ - «Փորձում ենք շարունակել Հենրիկ Իգիթյանի ավանդույթը: Երբ նա տաղանդավոր երիտասարդ նկարիչ տեսնում էր, անպայման ներգրավում էր թանգարանի հավաքածուի մեջ»:

Բոլորովին վերջերս մի շատ ուշագրավ ցուցահանդես էին բացել մի խումբ երիտասարդ գեղանկարիչներ: «Անհնարին ընտրության հնարավորությունը» խորագրով այդ ցուցահանդեսը նվիրված էր թավշյա հեղափոխությանը․ - «Իրենց կոնցեպտն այն է, որ երբ անգամ ստեղծվում է անհնարին ինչ-որ միջադեպեր, գտնվում են մարդիկ, որոնք գտնում են այդտեղից դուրս գալու հնարավորությունը: Շատ հետաքրքիր ցուցահանդես էր»:

Անդրադառնալով թանգարան այցելություններին՝ Ավետիսյանն ասաց․ - «Ութերորդ տարին է, որ էստեղ տնօրեն եմ: Առաջին տարին, երբ որ եկա, ամսվա մեջ մաքսիմում տասը այցելու էին ունենում: Հիմա մենք ամիս ենք ունենում՝ 400-500 այցելություն: Սկզբնական շրջանում տեղը չէին իմանում, հիմա բավականին մեծ համբավ ունենք, և մարդիկ ուղղակի առաջին անգամ գալուց հետո չեն բավարարվում ու նորից են ուզում գալ: Քանի որ մենք պարբերաբար ունենում ենք ցուցահանդեսներ, դա էլ է միշտ հետաքրքրություն առաջացնում»:

Ցուցադրության տարածքները, տնօրենի խոսքով, իրենց ամենացավոտ հարցերից է․ - «Էստեղ հանդիպում եղավ առաջին փոխվարչապետի հետ,և ինքը իր աչքով տեսավ, թե մեզ մոտ ինչի պակասություն կա: Ուղղակի ես գտնում են, որ հենց այս պահին այդ հարցը ամենակարևոր հարցը չէ, բայց սպասում եմ այդ առիթին, որ մենք խոսենք և ի վերջո լուծենք այդ հարցը»:

Նունե Ավետիսյանը փոխանցեց նաև, որ իրեն լուրեր հասել, թե որոշ երիտասարդ արվեստագետներ ուզում են փոխել թանգարանի մոդելը, նոր ձևով ներկայացնել թանգարանը․ - «Ես մի քիչ զայրացա․․․ Այսինքն, մտածում են, որ այս թանգարանը ժամանակն է ինչ-որ արդիական մոդելով ցուցադրել, կամ արդիական մոդել դարձնել, կամ ուրիշ կերպով անի իր աշխատանքը: Շատ ուրախալի է, որ նման մտքեր կան: Եթե իրենք ունեն լավ մտքեր, դա միայն ողջունելի է, բայց ինչո՞ւ պետք է անպայման այս թանգարանի վրա այդ բոլորը արվի: Եթե դուք էդքան ուժ ունեք, Իգիթյանի պես, որը այն ժամանակ, երբ որ բացեց թանգարանը, ընդամենը քառասուն տարեկան էր, բացեք նոր թանգարան և արեք այնտեղ ձեր մոդելները: Իսկ սա պետք է մնա, սա պետք է պահպանել․․․ Եթե նոր ժամանակներ են, դա չի նշանակում քանդել հինը և վրան ինչ-որ բան․․․ Սա միակն է եղել: Իսկ ո՞վ է ասել, որ սա միակ ժամանակակից արվեստի թանգարանը պետք է լինի: Թող երեք հատ լինի, թող տասը հատ լինի, դա միայն ուրախալի է, միայն ողջունելի է: Բայց ինչո՞ւ պետք է հենց այս թանգարանը փոխել և սարքել ուրիշը: Ո՛չ: Սա շատ կարևոր թանգարան է, արվել է ժամանակին հեղափոխություն, որ բացվել է էս թանգարանը, դա արել է Իգիթյանը: Եվ սա պետք է պահպանել: Պատկերացնեք, եթե մենք ուրիշ պայմաններ ունենանք՝ ավելի լավ տարածք․․․ նախ մենք կցուցադրենք ավելի շատ գործեր, այստեղ մեր պահոցներում ունեցածի տասը տոկոսն է ներկայացված: Մոտ երեք հազար աշխատանք մենք ունենք, մեզ պետք է շենք, որը համապատասխանի: Մեր աշխատողները անգամ նստելու տեղ չունեն, շատերը տներից են աշխատում: Բայց մենք հիմա շատ ակտիվ ենք, տարվա մեջ եղել է 22, 23, 27 ցուցահանդես ենք ունեցել․ դա քիչ աշխատանք չի: Աշխատանք կա, և մենք շատ սիրով ենք աշխատում»:

Զրույցի վերջում Նունե Ավետիսյանը հույս հայտնեց, որ մի օր թանգարանը կունենա համապատասխան տարածքը․ - «Ընդհանրապես քաղաքականության մեջ մշակույթը որ վերջին տեղն է գրավում, որովհետև մշակույթով է ազգդ շարունակում մնալ դարերով, պատմության մեջ»:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG