Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում


Պաշտոնական Երևանը բարձր է գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում, այսօր հայտարարեց արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեր երկկողմ օրակարգը 26 տարիների ընթացքում զարգացել է և բավական հագեցած է», - նշեց Հայաստանի արտգործնախարարը: - «Աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին բավական զգալի է: Ընդհանուր թվերով ուղղակի հիշեցնեմ, որ շուրջ 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանին այս շրջանում, շուրջ 79 միլիոն դոլարի դրամաշնորհներ»:

Հայկական կողմի հրավերով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի հետ բանակցություններից հետ Հայաստանի արտգործնախարարը ոչ միայն ամփոփեց վերջին 2․5 տասնամյակի համագործակցության արդյունքները, այլև խոսեց նոր օրակարգի մասին. 2 երկրները կփորձեն համագործակցել նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, հայտնեցին նախարարները։

«Տնտեսական համագործակցության ոլորտում՝ մենք կարծիքներ փոխանակեցինք մեր համագործակցությունը խորացնելու մասին այնպիսի ոլորտներում ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, նորարարությունը, որոնք կհաջորդեն փետրվարին երկկողմ ներդրումների մասին համաձայնագրի ստորագրմանը», - նշեց Ճապոնիայի արտգործնախարարը։

Տարո Կոնոն նաև ընդգծեց, որ, կարևորելով Հայաստանի հետ բարեկամական հարբերությունները, պատրաստվում է միանալ Հայաստանի առաջիկա ընտրություններին ցուցաբերվելիք միջազգային աջակցությանը։

Մնացականյանը և Կոնոն չշրջանցեցին նաև զբոսաշրջության թեման. Հայաստանը վերացրել է մուտքի արտոնագիրը Ճապոնիայի քաղաքացիների համար, իսկ Ճապոնիան առաջիկայում կդյուրացնի մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին:

«Ճապոնիան որոշել է հեշտացնել արտոնագրի պահանջները Հայաստանի քաղաքացիների համար ժողովուրդների միջև կապերը խրախուսելու նպատակով», - հայտարարեց Կանոն:

Այսօր նախատեսված է նաև Ճապոնիայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի նախագահի, ապա վարչապետի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG