Մյանմայի մայրաքաղաք Յանգոնի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Reuters գործակալության երկու տեղացի թղթակիցներին` նրանց մեղավոր ճանաչելով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար:
Մյանմայի դատախազության պնդմամբ՝ 32-ամյա Վա Լոնը և 28-ամյա Կյավ Սո Օօն 2017 թվականին գաղտնի տեղեկություններ էին հրապարակել, որոնք վերաբերում էին մահմեդական ռոհինջյա փոքրամասնության դեմ երկրի ուժային կառույցների ծավալած գործողություններին: Reuters-ի թղթակիցները ձերբակալվել էին անցած տարվա դեկտեմբերին, երբ հետաքննում էին Ռակհին նահանգում մահմեդականություն դավանող 10 տղամարդկանց սպանության հանգամանքները:
«Սա մռայլ մի դրվագ է: Դատավարության ընթացքին հետևած յուրաքնչյուր ոք կհասկանա, որ անաչառության և անկողմնակալության սկզբունքներով առաջնորդվելու պարագայում մեր լրագրողների անմեղությունն ապացուցված կլիներ: Այսօր տեղի ունեցածը լրջորեն վտանգում է օրենքի գերակայության և մամուլի ազատության սկզբունքները», - դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է Reuters-ի տարածաշրջանային խմբագիր Քևին Կրոլիցկին: