Մատչելիության հղումներ

Խուրշուդյան․ Ամենավտանգավորը կլինի, որ դժգոհ խավը սկսի կենտրոնանալ Քոչարյանի նման գործիչների շուրջ


«Լույս» դաշինքի ներկայացուցիչն էլ համոզված է, որ երկրորդ նախագահի փորձը՝ համախմբել Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերին, ձախողվելու է:

Հայաստանի երկրորդ Ռոբերտ Քոչարյանը «հանցագործ է և պետք է նստի բանտում», համոզված է Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:

«Իհարկե, իր մեղքի բաժինը պետք է դատարանը որոշի, ես դատավոր չեմ, բայց ես որպես քաղաքացի իմ կարծիքը ունեմ, որ նա հանցագործ է և նա պետք է նստի բանտում, որովհետև նա և՛ զբաղվել է թալանով, և՛ գլխավորել է այդ թալանը էն ժամանակ, երբ որ ինքը պաշտոնավարել է, և՛ պատասխանատու է մարտի 1-ի էդ սպանությունների համար», - հայտարարեց Խուրշուդյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

Նրա կարծիքով՝ «ամենավտանգավորը կլինի, որ այն դժգոհ քաղաքացիները, որոնք միշտ լինելու են, որովհետև ակնկալիքները ցանկացած հեղափոխությունից և փոփոխությունից շատ մեծ են լինում, սպասելիքները շատ մեծ են, և ժամանակի ընթացքում կամաց-կամաց դա վեր է աճում հակառակ ինչ-որ բանի, սկսում են դժգոհել իշխանություններից, <…> և էդ դժգոհ խավը գնալով մեծանալով՝ ամենավտանգավորը կլինի, որ սկսի կենտրոնանալ նման կարգի անձնավորությունների, քաղաքական գործիչների շուրջ՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, կամ չգիտեմ էլ ով պետք է էնտեղից՝ մութ անցյալից մեր վերադառնա»: «Եվ ես դրա համար եմ նաև շատ կարևորում, որ, օրինակ, հիմա այլ ուժերը թող իրենց մասին ասեն, բայց «Ժառանգություն»-ը ակտիվորեն մասնակցի, և Րաֆֆի Հովհաննիսյանը փորձի դառնալ ինքը հենց կենտրոնացումը այն բոլոր քաղաքացիների, այն թեկուզ նաև դժգոհ քաղաքացիների, որոնք երբեք, և մեր ուժը երբեք չի գնա այնպիսի քայլերի, այնպիսի գործելաոճի, որը կվտանգի հեղափոխությունը», - ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ համոզմունք հայտնելով, որ «այլընտրանքը պետք է ևս լինի հեղափոխական»:

«Կիրակնօրյա վերլուծականի» սեպտեմբերի 2-ի թողարկման մյուս հյուրը՝ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը համոզված է, Ռոբերտ Քոչարյանի փորձը՝ համախմբել Նիկոլ Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերին, ձախողվելու է:

Կարևորելով, որ «քաղաքացիները ունեն ներգրավվածություն և հետևում են կոնկրետ իրավական գործերի ընթացքին», Խաժակյանը ասաց․ - «Ես կարծում եմ, որ մեր դատական համակարգը իր առջև դրված այս քննությունը պատշաճ կերպով կհանձնի, և մեր իրավապահ մարմիններն էլ այնպիսի ուսումնասիրություն և քննություն կիրականացնեն, որը այնպիսի հանգուցալուծում կստանա, որ մեր հայրենակիցները չեն ունենա որևէ կասկած արդյունքների մասով: Իսկ այն, որ արդյունքները համապատասխանելու են մեր քաղաքացիների և քաղաքական դաշտի պատկերացումներին, ես դրանում չեմ կասկածում»:

«Իսկ նա կարո՞ղ է դառնալ կոնսոլիդացնող քաղաքական ուժ, ինչպես ինքն է պնդում», - այս հարցին «Լույս» դաշինքի ներկայացուցիչը արձագանքեց․ - «Դա գրեթե անլուծելի խնդիր է իր համար, այլ բան է, որ այսպիսի ռեսուրսների ներդրումը՝ մեդիադաշտի գնման տեսքով, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու տեսքով, դա լինելու է որոշակի փորձ և, ինչպես նա հայտարարեց, խորհրդարանական ընտրություններին ինչ-որ հնարավորություն և ռեսուրս ձևավորելու փորձ, բայց կարծում եմ, որ դա ձախողված փորձ է լինելու, որովհետև գուցե մարդիկ շատ դրվագներ մոռանում են քաղաքական կյանքից, բայց երկրորդ նախագահի կառավարման տարիներին տեղի ունեցած բռնաճնշումները, բազմաթիվ տնտեսական հանցագործություններ որևէ մեկը չի մոռացել, և մարդիկ դա տեսնելով՝ որևէ հնարավորություն չեն տեսնում»:

Ըստ Խաժակյանի, հարցազրույցներում նախկին նախագահի արած պնդումները իր կառավարման տարիներին տնտեսական աճի մասին «ևս հասկանալի և տեսանելի բլեֆ է հիշեցնում մարդկանց կողմից»:

«Այսինքն, այս առումով ես որևէ հնարավորություն չեմ տեսնում, բայց ասեմ, որ մեզ ուղղված հարցադրումներում մարդիկ այդ անհանգստությունը ունեն, ասում են՝ «կարող ա՞ հանկարծ մի բան լինի», - նշեց «Լույս» դաշինքի ներկայացուցիչը:

«Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն է տղա բերում Հայաստանի վրա»

«Ի դեպ, երբ Վլադիմիր Պուտինը զանգահարեց նրան և շնորհավորեց ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ, նորմալ է, բայց երբ ՏԱՍՍ-ը տարածում է դա, դրանից հետո Կրեմլն է դնում իր կայքում, դա արդեն քաղաքական միջամտություն չէ՞», - «Ազատության» այս դիտարկմանը Հովսեփ Խուրշուդյանը արձագանքեց․ - «Ես խնդիր չեմ տեսնում, որ շնորհավորում են, բայց երբ դա որպես քաղաքական փաստարկ են ներկայացնում․․․ Սա ընդհանրապես տարրական 5-րդ շարասյունին բնորոշ գործելաոճ է: Էն, ինչ որ հանրապետականները սկսեցին հայտնի էդ հարցազրույցի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին որ հարցաքննում էին Հանրապետական ֆրակցիայում ռուսական շահերի դիրքերից, նույնը հիմա է շարունակվում՝ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն է տղա բերում Հայաստանի վրա՝ ի դեմս Պուտինի, ռուսական լրատվամիջոցների, ռուսական փորձագետների: Ընդհանրապես, զարմանում եմ, որ էդ մարդը պաշտոնավարել է որպես Հայաստանի նախագահ՝ լինելով նման հակապետական մտածողության․․․»:

«Ո՞նց կարելի է սեփական երկրի վրա մարդ բերել դրսից՝ դա անընդունելի է, հենց դա էլ նաև քաղաքական պատասխանատվության պատճառ պետք է դառնա՝ իր և ցանկացած մարդու, որը պատրաստվում է իր այդ խմբում ընդգրկվել», - շեշտեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 2-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG